Միացյալ Նահանգներում ծնողները և դպրոցի աշխատակազմը հանդիսանում են հավասար անդամ այն թիմի, որը որոշումներ է կայացնում ծառայությունների և աջակցությունների վերաբերյալ, որոնք երեխան ստանում է դպրոցում:
 Չորս կանայք դասընթացի ժամանակ նայում են առաջ: Կանանցից մեկը կրում է արևային ակնոց, նա կույր է: Մյուս կինը բռնել է փոքրիկ երեխային իր գրկում:

Նեպալում մայրերը հաճախում են ինքնօգնության խումբ:

Ներածություն

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների մասնակցությունը կրթության գործընթացում հանդիսանում է ԱՄՆ –ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA), ԱՄՆ քաղաքացիական իրավունքների օրենքի առանցքային գաղափարը, որի պահանջով դպրոցները պետք է բավարարեն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական կարիքները:

ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտը (IDEA) ընդունում է, որ ընտանիքի ներգրավվածությունը մեծ ազդեցություն ունի երեխաների վրա թե՛ դպրոցում, և թե՛ կյանքում, և այդ պատճառով օրենքը երեխայի կրթության գործընթացում ծնողներին տալիս է ձայնի իրավունք: Համաձայն ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի՝ ծնողները և դպրոցի աշխատակազմը հանդիսանում են հավասար անդամ այն թիմի, որը որոշումներ է կայացնում ծառայությունների և աջակցությունների վերաբերյալ, որոնք երեխան ստանում է դպրոցում:

ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտը (IDEA) ծնողի ներգրավումն ու հզորացումը ապահովում է երկու հիմնական մեխանիզմների միջոցով՝ 1) ընթացակարգային երաշխիքներ, որոնք նկարագրում և պաշտպանում են ծնողների և երեխաների իրավունքները, 2) ծնողական ուսուցման և տեղեկատվական կենտրոններ, որոնց նպատակն է օգնել ծնողներին հասկանալ ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտը և դառնալ իրենց երեխաների արդյունավետ ջատագովները:

1. Ընթացակարգային երաշխիքներ

Հատուկ կրթության ողջ գործընթացում՝ ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտը (IDEA) ծնողներին տալիս է հատուկ իրավունքներ և պաշտպանություն: Այս իրավունքներն ու պաշտպանությունը կոչվում են ընթացակարգային երաշխիքներ, և դրանք հանդիսանում են ծնողի ներգրավման և հզորացման առանցքը:

ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA) ամբողջ տարրերը ծնողներին հնարավորություններ են ընձեռում ներգրավվել իրենց երեխայի կրթության գործընթացում, ինչպես նաև մասնակցություն ունենալ տարբեր համակարգերում, որպեսզի ծնողների ձայներն ու տեսակետները  ներկայացված լինեն տեղական, պետական և ազգային զեկույցներում, որոնք ուղղված կլինեն բարելավելու կրթական համակարգերը՝ հանուն հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների:
ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA) ծնողների ներգրավվածության պահանջները կարելի է դասակարգել չորս լայն կատեգորիաներով՝

1.  Հաղորդակցություն: Դպրոցից դեպի ընտանիք

Կարևոր գրավոր ծանուցում

Դպրոցները պետք է գրավոր ծանուցում տրամադրեն ծնողին հասկանալի լեզվով (օրինակ, ծնողները, ովքեր խոսում են միայն իսպաներենով, իրավունք ունեն ստանալ նյութեր իսպաներենով), երբ դպրոցը առաջարկում է (կամ հրաժարվում է) գործողություն ձեռնարկել, որը վերաբերում է`

  • Երեխայի ինքնության հաստատում՝ որպես «հաշմանդամություն ունեցող երեխա»,
  • Երեխայի գնահատում,
  • Երեխայի տեղավորում կրթական հաստատությունում,
  • Հաշմանդամություն ունեցող երեխային դպրոցի կողմից ծառայությունների մատուցում

Ընթացակարգային երաշխիքների ծանուցում

Դպրոցները պետք է ծնողներին տրամադրեն իրենց իրավունքներն ու պարտավորությունները՝ համաձայն ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA): Ծնողների իրավունքների այս ծանուցումը, որը ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի բոլոր ընթացակարգային երաշխիքների ամբողջական բացատրությունն է, տրվում է ծնողներին յուրաքանչյուր ակադեմիական տարվա մեջ առնվազն մեկ անգամ, և երբ երեխային առաջին անգամ տրվում է հատուկ կրթություն կամ, երբ ծնողը պահանջում է գնահատում:

2.  Աշակերտական մակարդակով որոշումների կայացում և պլանավորում

Ծնողի համաձայնություն

Դպրոցը պետք է ձեռք բերի գրավոր համաձայնություն ծնողներից մեկի կողմից, նախքան երեխային կգնահատեն և կորոշեն, թե արդյո՞ք նա իրավասու է ստանալ հատուկ կրթություն: Ծնողները նաև պետք է համաձայնություն տան երեխային  հատուկ կրթություն և այլ հարակից ծառայություններ մատուցելու վերաբերյալ, կամ իրենց երեխայի վերագնահատման համար՝ հատուկ կրթական ծառայություններ տրամադրելու նպատակով: Դպրոցը պետք է համոզված լինի, որ ծնողները լիարժեքորեն տեղեկացված են, հասկանում են և գրավոր համաձայնություն են տվել, որպեսզի իրենց երեխան օգտվի հատուկ կրթական ծառայություններից:  Ծնողների համաձայնությունը միշտ էլ արվում է կամավորության սկզբունքով, և նրանք ցանկացած ժամանակ կարող են հատուկ կրթության համար տրված իրենց համաձայնությունը չեղյալ համարել:

Հատուկ կրթության իրավունք

Բարձր որակավորում ունեցող մասնագետներն ու երեխայի ծնողներն են որոշում, թե արդյոք երեխան իրավասու է օգտվել հատուկ ծառայություններից՝ ծնողների համաձայնությամբ իրականացրած երեխայի գնահատման արդյունքների հիման վրա:

 Ծնողը որպես անհատական կրթության ծրագրի (IEP) թիմի անդամ

Դպրոցները պետք է ապահովեն յուրաքանչյուր երեխայի ծնողի ներառումը անհատական կրթության ծրագրի (IEP) թիմի կազմում:

Ծնողների մասնակցությունը անհատական կրթության ծրագրի (IEP) թիմի հանդիպումներին

Դպրոցները պատասխանատու են ապահովելու ծնողների մասնակցությունը յուրաքանչյուր անհատական կրթության ծրագրի (IEP) թիմի հանդիպումներին կամ հնարավորություն տալ վերջիններիս մասնակցել այլընտրանքային միջոցներով, ինչպիսիք են կոնֆերանս զանգ կամ Skype/Սկայպ: Դպրոցը պետք է ծանուցի ծնողներին անհատական կրթության ծրագրի (IEP) հանդիպումների վերաբերյալ բավական վաղ, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռի ներկա գտնվել, ինչպես նաև պետք է անհատական կրթության ծրագրի (IEP) հանդիպումների  ժամանակացույցն ու վայրերը համաձայնեցնի ծնողների հետ:

3. Տեղեկատվության մատչելիություն

Արձանագրությունների ուսումնասիրության հնարավորություն

Ծնողներին պետք է հնարավորություն ընձեռվի ստուգել և վերանայել իրենց երեխայի ինքնության հաստատման, գնահատման և կրթական հաստատությունում տեղավորման բոլոր կրթական արձանագրությունները:

4. Համակարգային մակարդակով որոշումների կայացում և պլանավորում

Տեղական Համայնքային Խորհրդատվական Կոմիտե (CAC)

Կալիֆորնիայի նահանգի կրթության մասին օրենքը պահանջում է, որ տեղական դպրոցական շրջանները ունենան համայնքային խորհրդատվական կոմիտե, որին մեծամասնորեն անդամակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Կոմիտեի այլ անդամներն են ուսուցիչները, դպրոցի վարչական աշխատողները և ժամանակ առ ժամանակ ծառայություն մատուցողները: Տեղական Համայնքային Խորհրդատվական Կոմիտեն (CAC)  լիազորված է աշխատելու դպրոցների հետ՝ մշակելու գրավոր ծրագիր, որպեսզի դպրոցական շրջանին տրամադրվի հատուկ կրթություն և խորհրդատվություն այն քաղաքականության վերաբերյալ, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող աշակերտներին, ինչպես նաև  դպրոցում տրամադրվող հատուկ մասնագիտացված ուսուցման և ծառայությունների վերաբերյալ: Տեղական Համայնքային Խորհրդատվական Կոմիտեն (CAC) հաճախ կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ ընտանիքների և ուսանողների համար: Այլ նահանգներ ունեն Կալիֆորնիայի Համայնքային Խորհրդատվական Կոմիտեների պես նմանատիպ խմբեր: (Կից նայե՛ք  Տեղական Համայնքային Խորհրդատվական Կոմիտեի (CAC) ձեռնարկը):

Նահանգային խորհրդատվական խումբ

Նահանգային խորհրդատվական խումբը, որը տրամանդրում է հատուկ կրթության և հարակից ծառայություններին առնչվող քաղաքականություն ուղղորդում, պետք է ներառի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին: ԱՄՆ–ի Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտը (IDEA) լիազորում է, որ յուրաքանչյուր նահանգ պետք է ունենա Նահանգային Խորհրդատվական Խումբ՝ ծնողների ներկայացուցչությամբ:

2.  Ծնողների ուսուցման և տեղեկատվական կենտրոններ

1984 թ.-ին Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտը (IDEA) հիմնեց ծնողների ուսուցման և տեղեկատվական կենտրոններ (PTIs) ամբողջ երկրում: Դրանք պարտավորված են օգնել ընտանիքներին և դպրոցներին՝ հասկանալու օրենքը և դրա կիրարկումը՝ ի օգուտ բոլոր հաշմանդամություն ունեցող երեխաների:

 Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA) ընդունումից առաջ՝

  • Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդ չափահասները հաճախ չէին ստանում համապատասխան կրթական ծառայություններ:
  • Շատերը լիովին դուրս էին մնում հանրակրթական դպրոցներից և ընդհանուր ուսումնական ծրագրից:
  • Չախտորոշված հաշմանդամությունը թույլ չէր տալիս երեխաներին հաջողություն ունենալ դպրոցում:
  • Դպրոցներում ոչ բավարար ռեսուրսները հարկադրում էին ընտանիքներին  փնտրել կրթական ծառայություններ հանրակրթական դպրոցից դուրս:

Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA) շնորհիվ՝

  • Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդ չափահասները կստանան անվճար, համապատասխան հանրային կրթություն առավել քիչ սահմանափակող միջավայրում:
  • Շատ աշակերտներ առաջընթաց են արձանագրում բարձրագույն կրթության, զբաղվածության, անկախ կյանքի ոլորտում և դառնում են համայնքի լիարժեք անդամ:
  • Աշակերտներն ու ընտանիքները կարող են հույսով նայել ապագային:

Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտը (IDEA) փոխել է աշխարհը հաշմանդամություն ունեցող ամերիկացի երեխաների և երիտասարդ չափահասների համար: Ծնողական կենտրոնները հաջողության անբաժան մաս են կազմում:

Ծնողական կենտրոններ—Ծնողների Ուսուցման և Տեղեկատվական Կենտրոնները (PTIs) և Համայնքային Ծնողական Ռեսուրս Կենտրոնները (CPRCs)–տրամադրում են ուսումնական դասընթացներ և աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար: Ծնողների Ուսուցման և Տեղեկատվական Կենտրոնները (PTIs) ֆինանսավորվում են ԱՄՆ պետդեպարտամենտի կրթության և մշակույթի բյուրոյի դրամաշնորհների միջոցով՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA): Յուրաքանչյուր նահանգ ունի առնվազն մեկ ծնողական կենտրոն, իսկ բնակչության մեծ թիվ ունեցող նահանգները կարող են ունենալ ավելի շատ կենտրոններ: Միացյալ Նահանգներում գործում են շուրջ 100 ծնողական կենտրոններ:

Ծնողական կենտրոնները ծառայում են մինչև 26 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին: Ծնողական կենտրոնները աջակցում են ընտանիքներին դեմ առ դեմ տեխնիկական աջակցության և դասընթացների միջոցով: Ծնողական կենտրոնների մեծամասնության աշխատակազմն ու խորհրդի կազմը հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն են, ուստի նրանք կարող են տրամադրել իրենց անձնական փորձն ու հմտությունները ընտանիքներին:

Մասնավորապես, ծնողական կենտրոնները օգնում են ընտանիքներին՝

  • Ավելի լավ հասկանալ իրենց երեխաների հաշմանդամությունն ու կրթական կարիքները:
  • Ավելի արդյունավետորեն  հաղորդակցվել դպրոցների և հարակից ոլորտի մասնագետների հետ:
  • Հասկանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA) ներքո:
  • Ստանալ համապատասխան ծառայություններ իրենց երեխաների համար:
  • Լուծել տարաձայնությունները դպրոցի կամ այլ հաստատությունների հետ:
  • Կապ հաստատել այլ համայնքային ռեսուրսների հետ, որոնք աջակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Ծնողական կենտրոնները աշխատում են համատեղ, որպեսզի բարելավեն արդյունքները՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների: Նրանք հավաքագրում և կիսում են տվյալներ իրենց աշխատանքային փորձից, որը բարելավում է  հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին մատուցվող ծառայությունները:

Ծնողական կենտրոնները ուղղակի աջակցություն են տրամադրում ծնողներին և մասնագետներին՝ հեռախոսային զանգերի, էլեկտրոնային հաղորդակցության, նամակների, տնային այցելությունների և հանդիպումների միջոցով: Այս տեղեկատվությունը օգնում է ծնողներին տեղեկանալ հատուկ կրթության օրենքների և ընթացակարգերի մասին, գտնել համապատասխան ծառայություններ իրենց երեխաների համար և հաղորդակցել դպրոցների և այլ մարմինների հետ

Ծնողների Ուսուցման և Տեղեկատվական Կենտրոնները (PTIs) նաև ծառայում են մասնագետներին՝ դպրոցի վարչակազմին, ուսուցիչներին, սոցիալական աշխատողներին, առողջապահական ծառայություններ մատուցողներին և կազմակերպությունների աշխատակիցներին, որոնք ծառայում են հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին: Մասնագետները օգտագործում են Ծնողների Ուսուցման և Տեղեկատվական Կենտրոնների (PTIs) տեղեկատվությունը՝ հասկանալու հաշմանդամության կոնկրետ տեսակները, հատուկ կրթության օրենքներն ու ծառայությունները, ծնող-մասնագետ հաղորդակցությունը:

Միացյալ Նահանգների ծնողների հզորացման դասընթացների օրինակներ՝

  1. Ընդհանուր տեղեկատվություն Հաշմանդամություն ունեցող անհատների կրթության մասին ակտի (IDEA) վերաբերյալ, որը տրամադրվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության հիմնադրամի կողմից (PowerPoint պրեզենտացիան կցված է):
  2. Ընտանեկան Նավիգատոր Դասընթաց, որը տրամադրվում է Վիրջինիայի «Ընտանիքից ընտանիքին» ցանցի կողմից (PowerPoint պրեզենտացիան կցված է):
  3. Արդյունավետ ծնողական շահերի պաշտպանության հմտություններ, որը տրամադրվում է PACER կենտրոնի կողմից (ուսումնական ծրագիրը կցված է):

Այլ ռեսուրսներ՝

  • Կալիֆորնիայի Համայնքային Խորհրդատվական Կոմիտեի ձեռնարկ (Կանոնադրության օրինակը տե՛ս հավելված Դ, էջ 86-ում, Համայնքային Խորհրդատվական Կոմիտե ստեղծելու համար), PDF ֆայլը ստորև:
  • Ծնողական Հզորացման Ծրագրի Դասընթաց (PEP) (Նյու Յորք նահանգի «Միասին Ընտանիքների Նկարագրություն»), հղումը ստորև:

Ծնողական Հզորացման Ծրագրի Դասընթացը (PEP) նախատեսված է ընտանեկան գործընկեր շահերի պաշտպանների համար: Ընտանեկան գործընկեր շահերի պաշտպանները սոցիալական, հուզական և վարքային խնդիրներ ունեցող  երեխաների ծնողներ կամ խնամակալներ են, որոնց դերն է ուղղակիորեն աշխատել ծառայություններ ստացող ընտանիքների երեխաների հետ, որպեսզի աջակցեն, հզորացնեն, կրթեն և ջատագովեն վերջիններիս: Ծնողական Հզորացման Ծրագրի Դասընթացը (PEP) մշակվել է մի շարք տարիների ընթացքում՝ հետազոտողների, գործիչների, ծնողների, շահերի պաշտպանների և քաղաքականություն մշակողների համատեղ ջանքերով:

  • Ծնողական հզորացման առաջնային կոնտակտ է հանդիսանում Ծնողների Ուսուցման և Տեղեկատվական Կենտրոնը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության հիմնադրամ»-ում (Disability Rights Education & Defense Fund (DREDF):
  • Ծնողների տեղեկատվական և ռեսուրս կենտրոնը՝ «Ծնողների Ուսուցման և Տեղեկատվական Կենտրոնն» է (PTI), որը տրամադրում է ռեսուրսներ անգլերենով և իսպաներենով:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: