Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Կրթության անցումային փուլերը Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար» զեկույցում հետազոտվում է երեխաների աջակցության կարևորությունը կրթության անցումային ժամանակահատվածում, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությունը: Երեխաները զգում են մեծ անցումները, երբ նրանք տնից կամ նախակրթարանից տեղափոխվում են տարրական դպրոց, տարրական դպրոցից՝ միջնակարգ դպրոց, կամ միջնակարգ դպրոցից՝ բարձրագույն ուսումնական հաստատություն (օրինակ, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, համալսարան): Նաև ավելի փոքր անցումներ/փոփոխություններ են տեղի ունենում, երբ երեխաները տեղափոխվում են մեկ դասարանից մյուսը, կամ փոխում են իրենց դպրոցը:
Փորձելով նվազեցնել երեխաների վրա ճնշումն ու բարելավել վերջիններիս ինքնավստահությունը՝ դպրոցի աշխատակազմն ու ընտանիքը պետք է ակտիվորեն ներգրավվեն և կառուցողական կերպով աջակցեն փոփոխությունները/անցումները: Ըստ զեկույցի, հաջողության հասնելու համար դպրոցի աշխատակազմն ու ընտանիքը պետք է ջատագովեն և աջակցեն հետևյալ առաջարկված ռազմավարությունները:
- Անցումային փուլի լիազորված աշխատակիցները կամ «կապ ապահովող աշխատակիցները» պետք է հասանելի լինեն «հին» և «նոր» դպրոցներում, որպեսզի փոխանցեն տեղեկատվությունն ու աջակցեն անցումներին:
- Ներկայիս աշխատակիցները պետք է բացահայտեն հուզական, վարքագծային, զարգացման կամ ակադեմիական խնդիրները, իրազեկվեն և տարածեն այս տեղեկատվությունը (Անհատական Կրթության Ծրագիր (ԱԿԾ/IEP) կամ այլ փաստաթղթեր):
- Լրացրեն և տարածեն Անհատական Կրթության Ծրագիրը՝ (ԱԿԾ) նախքան անցումային փուլին անցնելը:
- Ուսուցիչները, ովքեր պետք է աշխատեն հաշմանդամություն ունեցող նորեկ երեխաների հետ, պետք է հանդիպեն երեխայի և նրա խնամակալների հետ նախքան անցումը (սա կարող է ներառել տնայցերը):
- Խորհուրդ է տրվում ունենալ փորձնական / անցումային օրեր, որպեսզի երեխաները այցելեն նոր դպրոց (ընկերների և ընտանիքի հետ) և կողմնորոշվեն:
- Առանցքային դեր է խաղում դպրոցի աշխատակազմի վերապատրաստումը, հատկապես, եթե նոր դպրոցում աշխատակազմը բացահայտված կոնկրետ հարցերի շուրջ աջակցության կարիք ունի:
Զեկույցում նաև քննարկվում են կոնկրետ առաջարկություններ՝ Հայաստանի կրթական համակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը բարելավելու և կրթության անցումային փուլերում նրանց աջակցելու վերաբերյալ: Այս առաջարկությունները խմբավորված են ըստ կրթական մակարդակների և կարևոր գործիքներ են տրամադրում Հայաստանում և այլ երկրներում ներառական կրթության ջատագովներին: Որոշ օրինակներ ներառում են՝
- Նախադպրոցական կրթություն: Նախադպրոցական հաստատությունները պետք է մշակեն Անհատական Կրթության Ծրագիր (ԱԿԾ) և փոխանցեն այս տեղեկատվությունը տարրական դպրոցներին:
- Տարրական կրթություն: Կանոնակարգի համաձայն՝ դպրոցների միջև տեղեկատվության փոխանցումը պետք է դառնա պարտադիր:
- Հիմնական կրթություն: Ընդհանուր ավարտական թեստերը պետք է հարմարեցված լինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների կարիքներին:
- Միջնակարգ կրթություն / ավագ դպրոց: Այս մակարդակի ուսուցիչները ավելի շատ գործնական դասընթացների կարիք ունեն հաշմանդամության և ներառական հաղորդակցության վերաբերյալ:
- Մասնագիտական / արհեստագործական կրթություն: Քոլեջներն ու արհեստագործական ուսումնարանները պետք է կազմակերպեն էքսկուրսիաներ հիմնական դպրոցների աշակերտների համար, որպեսզի վերջիններս իմանան, թե հմտություններ զարգացնող ի՞նչ դասընթացներ են առկա բարձրագույն ուսումնական հաստատություններում:
- Բարձրագույն կրթություն: Համալսարանները պետք է ունենան մատչելիություն ապահովող աշխատակից, ով կապ կհաստատի հաշմանդամություն ունեցող դիմորդների և դասախոսական կազմի միջև՝ անհրաժեշտ փոփոխություններ և աջակցության ծառայություններ կազմակերպելու համար:
- Շարունակական կրթություն /ցկյանս ուսումնառություն: Ավագ դպրոցներում կարիերայի և մասնագիտական բարելավված կողմնորոշումը պետք է հզորացնի հաշմանդամություն ունեցող աշակերտներին, որպեսզի վերջիններս ինքնուրույն կայացնեն իրենց սեփական որոշումները մասնագիտություն և/ կամ համալսարան ընտրելիս: