Իրավաբանական կլինիկայի ստեղծումը կարող է օգնել հաշմանդամություն ունեցող ավելի շատ անձանց ստանալ իրավաբանական խորհրդատվություն
A group of people, some with and some without disabilities, sit around a large conference table. A sign on the wall reads in Spanish "Department of Justice and Human Rights."

Պերուի հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպանները այցելում են Պերուի արդարադատության և մարդու իրավունքների նախարարություն

Ամբողջ աշխարհում, ներառյալ Միացյալ Նահանգներում, հաշմանդամություն ունեցող շատ անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների մեծ մասը չեն կարող ստանալ իրավաբանական խորհրդատվություն վերապատրաստված հմուտ իրավաբաններից հաշմանդամության հետ առնչվող հարցերով: Սա կարելի է բացատրել մի քանի պատճառներով: Օրինակ, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքները, որպես կանոն, մեծ գումարներ չունեն, նաև հաճախ չկան բավարար որակյալ իրավաբաններ, ովքեր տիրապետում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին:

Իրավաբանական կլինիկայի ստեղծումը կարող է օգնել հաշմանդամություն ունեցող ավելի շատ անձանց ստանալ իրավաբանական խորհրդատվություն: Իրավաբանական կլինիկան ընդլայնում է իրավաբանական խորհրդատվության և տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը`հենվելով վերապատրաստված և հմուտ ոչ իրավաբան իրավապաշտպանների վրա (օրինակ` իրավաբանական ֆակուլտետի ուսանողների), ովքեր հարցազրույց կվարեն հաճախորդների հետ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած իրավաբանները վերահսկում և ուղղորդում են իրավապաշտպաններին: Իրավաբանները տրամադրում են իրավաբանական խորհրդատվություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար գործող իրավաբանական կլինիկայի հիմնական դրույթները

Իրավաբանական կլինիկայի կազմակերպիչ և հովանավոր

Այն սովորաբար կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն, իրավաբանական կազմակերպություն կամ իրավաբանական ԲՈՒՀ / դպրոց: Կազմակերպչի հիմնական պարտականություններն են՝

  • Հաճախորդների հետ հարցազրույց անցկացնելու համար ոչ-իրավաբան իրավապաշտպանների հավաքագրում և վերապատրաստում
  • Կամավորության սկզբունքով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող իրավաբանների հավաքագրում` ոչ-իրավաբան իրավապաշտպաններին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու և ուղղորդելու նպատակով
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի իրավաբանական կլինիկայի համար կանոնավոր ժամանակի և վայրի տրամադրում
  • Իրավաբանական կլինիկայի հանրայնացումը հասարակությանը, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց
  • Կլինիկայի ադմինիստրատորի տրամադրում, ով կարող է լինել կազմակերպության աշխատակից կամ կամավոր և կլինիկայի գործունեության ժամերի ընթացքում կիրականացնի հաճախորդների ընդունելություն և գրանցում

Որոշ իրավաբանական կլինիկաներ նախօրոք են նշանակում հանդիպման օրը: Նրանցից ոմանք գործում են «ներս արի» սկզբունքով, ուստի մարդիկ կարող են այցելել առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու: Որոշ կլինիկաներ էլ գործում են երկու սկզբունքները համադրելով:

Մի խումբ կամավոր, վերապատրաստված, ոչ իրավաբան իրավապաշտպաններ

Ոչ իրավաբան իրավապաշտպանները վերապատրաստվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հիմունքների և հաճախորդների հետ հարցազրույց վարելու վերաբերյալ: Նրանց ուղղորդում և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած իրավաբանը, և նրանցից պահանջվում է պահպանել նույն մակարդակի գաղտնիություն և ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, ինչպես իրավաբաններից: Նրանք հաճախորդի հետ հարցազրույց են վարում և հանդիպում են իրավաբանին՝ հաճախորդի խնդրի վերաբերյալ տեղեկացնելու: Ոչ իրավաբան իրավապաշտպանները կարող են լինել իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում մասնագիտացած մեկ կամ երկու կամավոր իրավաբան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբանը ուղղորդում և աջակցում է ոչ իրավաբան իրավապաշտպաններին: Իրավաբանը տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև այն տեղեկատվությունն ու ուղղորդումը, որոնք տրամադրվում են հաճախորդին: Սովորաբար, իրավաբանը անմիջականորեն չի հանդիպում հաճախորդին: Դա կլինիկային հնարավորություն է տալիս ծառայել ավելի շատ մարդկանց, քան այն պարագայում, եթե կամավոր իրավաբանները հանդիպեին յուրաքանչյուր անհատի հետ:

Հաճախորդները

Հաճախորդները հաշմանդամություն ունեցող անհատներ են կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքի անդամներ, ովքեր հաշմանդամության խնդրի վերաբերյալ իրավական խորհրդատվության կարիք ունեն: Խնդիրը կարող է կապված լինել կրթության, հանրային ծառայությունների, զբաղվածության, բնակարանային պայմանների, բիզնեսի, ընտանեկան իրավունքի կամ այլ թեմաների հետ: Առանց կլինիկայի հաճախորդները չեն կարողանա ստանալ իրավաբանական խորհրդատվություն կամ ծանոթանալ իրենց իրավունքների մասին:

Ձեզ ենք ներկայացնում կլինիկայի ողջ գործընթացը

Հաճախորդը գալիս է կլինիկա և սկսվում է գործընթացը

Հաճախորդը գալիս է կլինիկա և գրանցվում է վարչական աշխատակցի մոտ: Վարչական աշխատակիցը հաճախորդին ուղղորդում է հանդիպելու վերապատրաստված, ոչ իրավաբան իրավապաշտպանի հետ:

Հաճախորդը հանդիպում է ոչ իրավաբան իրավապաշտպանի հետ

Ոչ իրավաբան իրավապաշտպանը առանձին հանդիպում է հաճախորդների հետ և հարցազրույցներ է վարում հաշմանդամության հետ կապված իրավական խնդիրների մասին`օգտագործելով համակարգված հարցեր: Իրավապաշտպանը բոլոր կարևոր տեղեկությունները գրի է առնում հաճախորդի անհատական քարտի վրա:

Մի՛ մոռացեք, թե ով է հաճախորդը. նա հաշմանդամություն ունեցող անձ է: Հաճախորդը ընտանիքի անդամ, ամուսին կամ ընկեր չէ: Միակ բացառություններն այն դեպքերն են, երբ հաշմանդամություն ունեցող անձը անչափահաս երեխա է կամ հաշմանդամություն ունեցող անձը չի կարող արտահայտել իր ցանկությունները՝ նույնիսկ ողջամիտ հարմարեցումների առկայության պարագայում:

Ոչ իրավաբան իրավապաշտպանը հանդիպում է իրավաբանի հետ (հաճախորդից առանձին)

Հաճախորդի հետ հանդիպելուց հետո ոչ իրավաբան իրավապաշտպանը գնում է առանձին սենյակ`հանդիպելու իրավաբանի հետ: Իրավապաշտպանը խնդիրը ներկայացնում է խորհրդատու իրավաբանին: Իրավաբանը վերլուծում է խնդիրը և ներկայացնում է բոլոր իրավական խորհրդատվությունները, տեղեկությունները և ուղղորդումները`հաճախորդին տրամադրելու համար: Իրավապաշտպանը լսում է իրավաբանին և գրի է առնում բոլոր խորհրդատվություններն ու տեղեկությունները հաճախորդի անհատական քարտի վրա՝ հաճախորդին տրամադրելու նպատակով: Իրավապաշտպանը կրկնում է բոլոր խորհուրդներն ու տեղեկությունները, որպեսզի իրավաբանը կարողանա ստուգել, որ ամեն ինչ պարզ է և ճշգրիտ:

Ըստ ցանկության, հատկապես այն կլինիկաների համար, որոնք գործում են իրավաբանական բուհերում՝ իրավագիտության ֆակուլտետի իրավապաշտպան ուսանողների կողմից: Իրավապաշտպանը ներկայացնում է իր վերլուծությունը իրավական խորհրդատվության վերաբերյալ՝ խորհրդատու իրավաբանի վերանայման համար:

Ոչ իրավաբան իրավապաշտպանը վերադառնում է հաճախորդի մոտ

Ոչ իրավաբան իրավապաշտպանը վերադառնում է՝ կրկին հանդիպելու հաճախորդի հետ և նրան է փոխանցում իրավաբանի կողմից տրամադրած ամբողջ խորհրդատվությունն ու տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում իրավապաշտպանը փոխանցում է տեղեկատվությունը գրավոր կերպով՝ կամ թղթի վրա, կամ էլեկտրոնային փոստով:

Հաճախորդի հետ շփումը ավարտված է

Խորհրդատվությունն ու տեղեկատվությունը տրամադրելուց հետո իրավապաշտպանը կամ կլինիկայի վարչական աշխատակիցը հաճախորդին դուրս է ուղեկցում: Իրավապաշտպանը հաճախորդի անհատական քարտի վրա նշում է հաճախորդին տրամադրված խորհրդատվությունը: Իրավապաշտպանը լրացնում և փաստաթղթավորում է ձևաթուղթը՝ հաճախորդի վերադառնալու դեպքում այն հեշտությամբ գտնելու նպատակով:

ՆՇՈՒՄ: Իրավաբանները պարտավոր են հետևել օրենքի պրակտիկայի և հաճախորդների հետ փոխհարաբերությունների որոշակի կանոններին: Այս կանոնները տարբերվում են երկրից երկիր, նույնիսկ ԱՄՆ-ի նահանգից նահանգ և կարող են ազդել իրավաբանական կլինիկայի ընթացակարգերի վրա: Իրավաբանական կլինիկայի հովանավոր կազմակերպիչը պետք է խորհրդակցի իրավաբանների ասոցիացիայի և այլ փորձագետների հետ`համոզվելու, որ կլինիկայի ընթացակարգերը համապատասխանում են այս կանոններին:

Ի՞նչ է տեղի ունենում, եթե իրավաբանական կլինիկան կարևոր գործ է բացահայտում

Երբեմն հաճախորդը գալիս է իրավաբանական կլինիկա կարևոր գործով, որը կարող է իրավական նախադեպ ստեղծել դատարանում կամ կարող է բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկությունը: Իրավաբանական կլինիկան կարող է նախապատրաստվել սրան՝

  • Հավաքագրելով կարևոր խնդիրների ցանկ, որը կցանկանային դատարան բերել կամ հրապարակել ԶԼՄ-ներին և վերապատրաստելով կամավորներին` այդ խնդիրների որոնման համար:
  • Իրավաբանական ընկերությունների կամ «պրո բոնո»  անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող  փաստաբանների / իրավաբանների հետ փոխհարաբերություններ զարգացնելով, որպեսզի կարողանան կարևոր գործ ունեցող հաճախորդին կապել համապատասխան իրավաբանական խորհրդատուի հետ

Միևնույն ժամանակ, իրավաբանական կլինիկան պետք է կարողանա բավարարել բոլոր հաճախորդների ակնկալիքները և նրանց իրազեկի այն մասին, որ կլինիկայում ստանալու են իրավաբանական խորհրդատվություն, տեղեկատվություն և ուղորդումներ, սակայն նրանք չպետք է ակնկալեն, որ իրավաբանը իրենց գործը կտանի դատարան: Նաև կլինիկան պետք է զգայուն լինի այն փաստի առնչությամբ, որ կարևոր գործով ոչ բոլոր հաճախորդները կցանկանան դատարան գնալ կամ հայտնվել թերթերում, բոլորը, այդ թվում պատվիրատուն, պետք է փոխադարձ համաձայնության գան:

Իրավաբանական կլինիկայում հաճախորդների հետ հարցազրույց վարելու մասին որոշ խորհուրդներ իրավապաշտպաններին

Հաճախորդի անհատական քարտ /անկետա

Համոզվեք, որ հաճախորդի անհատական քարտը, հնարավորինս, ամբողջականորեն լրացված է: Անձնական տեղեկատվության հավաքագրումը Ձեզ կօգնի հասկանալ, թե ինչ օրենքներ կարելի է կիրառել կոնկրետ իրավիճակում և ինչ տարբերակներ են հասանելի հաճախորդին:

Հարցեր

Սկսեք բաց (միանշանակ պատասխան չունեցող կամ մի քանի պատասխան ունեցող) հարցերից և այնուհետև հղեք փակ հարցեր: Հաճախորդի խնդրի վերաբերյալ պատկերացում կազմեք՝ հղելով բաց հարցեր, օրինակ. «Ի՞նչն է ձեզ այսօր բերել այստեղ»: Հաճախորդի խնդրին ծանոթանալուց հետո կարևոր է ստանալ մանրամասներ. հարցրեք՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞:

Ժամանակացույց

Մի՛ մոռացեք հարցնել, թե ե՞րբ է տեղի ունեցել դեպքը: Ժամանակացույցը կօգնի լույս սփռել կարևոր հարցերի վրա, օրինակ, արդյո՞ք կարող է պատճառական կապ լինել իրադարձությունների միջև, կամ արդյո՞ք կա առաջիկա վերջնաժամկետ:

Փաստաթղթեր

Մի՛ մոռացեք հարցնել, թե արդյո՞ք կան գործին առնչվող փաստաթղթեր: Փաստաթղթերը կօգնեն լրացնել ամսաթվերն ու փաստերը: Փաստաթղթերը հաճախ, նաև իրավական առումով, ամենահամոզիչ ապացույցներն են:

Կոնկրետություն

Խնդրեք հաճախորդին լինել կոնկրետ: Եթե հաճախորդը ասում է, որ իր նկատմամբ ոտնձգություն են կատարել կամ խտրականություն են դրսևորել, հարցրեք, թե ի՞նչ է տեղի ունեցել: Հաճախորդի ոտնձգության կամ խտրականության սահմանումը կարող է նույնական չլինել այս տերմինների իրավական սահմանման հետ:

Արձանագրության պահպանում

Համոզվեք, որ հաճախորդի անհատական քարտը պատշաճ կերպով փաստաթղթավորվում է՝ համաձայն կլինիկայի փաստաթղթավորման համակարգի: Եթե կլինիկան օգտագործում է համակարգչային տվյալների բազա, համոզվեք, որ տվյալները մուտքագրվում են անմիջապես:

Կարևոր է մտածել մատչելիության մասին

Իրավաբանական կլինիկայի մասնակիցներից ցանկացած մեկը կարող է ունենալ մատչելիության անհրաժեշտություն՝ հաշմանդամության կամ լեզվի պատճառով: Իրավաբանական կլինիկան պետք է հոգ տանի և, որքան հնարավոր է, գործընթացը մատչելի դարձնի բոլորին: Մատչելիության համար՝

  • Ապահովեք, որ կլինիկայի տարածքը հասանելի և մատչելի լինի անվասայլակ օգտագործող և այլ հաշմանդամություն ունեցող անձանց համար
  • Վերապատրաստեք բոլոր կամավորներին`հաշմանդամության մատչելիության, հարմարեցումների և էթիկայի կանոնների վերաբերյալ
  • Մատչելի ձևաչափով տեղեկատվություն տրամադրեք և կրկնեք այն առժամանակ
  • Նախապես հիշեցրեք հաճախորդներին իրենց հանդիպման օրվա, ժամի և վայրի մասին
  • Գրեք կամ էլեկտրոնային փոստով ուղարկեք կարևոր տեղեկատվությունը
  • Գործընթացի ընթացքում ընդմիջումներ արեք և եղեք համբերատար
  • Տրամադրեք ժեստերի լեզվի մասնագետ
  • Տրամադրեք խոսակցական լեզվի թարգմանիչ, օրինակ՝ թարգմանիչ այն անձի համար, որը խոսում է բնիկների լեզվով
  • Թույլատրել մարդկանց «այցելել» կլինիկա հեռախոսով կամ Skype-ով
  • Ստեղծեք շարժական կլինիկա, որը նաև կմեկնի մարզեր

ՆՇՈՒՄ: Եթե մատչելիություն ապահովումը ենթադրում է թանկ ծախսեր, որի գնային արժեքն ավելին է, քան իրավաբանական կլինիկան կարող է տրամադրել, ապա իրավաբանական կլինիկայի հովանավոր-կառավարիչը կարող է դիմել դրամաշնորհի:

Ժամանակի ընթացքում իրավաբանական կլինիկաները կարող են զարգանալ և օգտագործել այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են`

Կլինիկայի ձեռնարկ

Գրավոր ձեռնարկ, որը վերանայում և ամփոփում է բոլոր համապատասխան օրենքները, ընթացակարգերը և միջոցները, որոնք հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց:

Տեղեկատվական թերթիկներ

Հասարակության համար պարզ լեզվով գրված, համընդհանուր հարցերի պատասխաններով տեղեկատվական թերթիկներ: Դրանք կարող են առձեռն հանձնվել կամ տարածվել էլեկտրոնային փոստով: Տեղեկատվական թերթիկները նաև կարելի է տպագրել Բրայլի գրատիպով:

Ժեստերի լեզվով տեսանյութեր

Որոշ կլինիկաներ նաև ստեղծում են ժեստերի լեզվով տեսանյութեր լսողության խնդիրներ ունեցող կամ խուլ հաճախորդների համար, որոնք տեղեկություններ են տրամադրում իրավաբանական իրավունքներ մասին:

Ձևաթղթեր և նամակների նմուշներ

Համընդհանուր խնդիրների համար կլինիկաները կարող են մշակել ձևաթղթեր կամ նամակների նմուշներ, որոնք կարող են օգտագործվել հաճախորդների կողմից: Օրինակ, կլինիկան կարող է մշակել ձևաթուղթ, որը կարող է լրացվել հաճախորդի կողմից`բողոք ներկայացնելու կամ ողջամիտ հարմարեցում խնդրելու համար:

Համակարգչային տվյալների բազա

Որոշ կլինիկաներ մուտքագրում են իրենց բոլոր հաճախորդների տվյալները համակարգչային տվյալների բազայում, որպեսզի իրենց տեղեկատվությունը հետագայում հնարավոր լինի վեր հանել և վերլուծել:

Հաշմանդամություն ունեցող անձանց մասին հանրային կրթություն

Իրավաբանական կլինիկաները կարող են ստեղծել դասախոսություններ, տեսանյութեր կամ գրավոր նյութեր, որպեսզի հասարակությանը կրթեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարիքների և կարողությունների մասին: Աշխատավորների իրավունքների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տեսե՛ք կից փաստաթուղթը ստորև:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի երկրներում գործող իրավաբանական կլինիկաներ: Դուք կարող եք կապվել նրանց հետ` իրենց փորձի մասին ծանոթանալու համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպանները, հատկապես այն երկրներում, որոնք վավերացրել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD), հնարավոր է ցանկանան քայլեր ձեռնարկել՝ իրավագիտության ոլորտում հաշմանդամության մատչելիության և բազմազանության բարելավման ուղղությամբ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է, որ պետությունները ապահովեն արդարադատության մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ մյուսների հետ հավասար հիմունքներով: Իրավապաշտպանները կարող են միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են`

  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարիքների և կարողությունների վերաբերյալ դատավորների հետ հանդիպումներ և նրանց վերապատրաստումներ
  • Հանդիպումներ դատարանների վարչական աշխատակիցների հետ և նրանց վերապատրաստում՝ դատական համակարգի մատչելիության խոչընդոտների վերացման վերաբերյալ
  • Հանդիպումներ իրավաբանների ասոցիացիայի հետ՝ քննարկելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կարևորությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավաբանական մասնագիտություն ձեռք բերելու հավասար հնարավորությունները
  • Իրավաբանական բուհերի հետ համագործակցություն՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կրթելու նպատակով
  • Իրավագիտության ֆակուլտետի հաշմանդամություն ունեցող ուսանողների մենթորություն
  • Հաշմանդամություն ունեցող իրավաբանների և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար գործընկերների աջակցման կազմակերպությունների հիմնադրում
  • Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավաբանական հարցերով զբաղվող իրավաբանների համար (և, հավանաբար, այլ հավասարության հարցերով զբաղվող) ասոցիացիաների ստեղծում

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: