Ժեստերի լեզուն խուլ համայնքների և այլ անձանց համար անչափ անհրաժեշտ գործիք է՝ կարևոր քաղաքական հարցերի շուրջ շփվելու համար:
Գվատեմալայի ժեստերի լեզուն օգտագործող մի կին կանգնած է ամբիոնի կողքին, որտեղ մի մարդ խոսում է միկրոֆոնով:

Գվատեմալացի ժեստերի լեզվի թարգմանիչը բանախոսի կողքին է Հաշմանդամություն ունեցող անձանց Ազգային խորհրդի միջոցառման ժամանակ:

Կառավարությունը պետք է միջոցառումների ընթացքում ներառի ժեստերի լեզվով թարգմանություն և կարևոր նյութերը հասանելի դարձնի ժեստերի լեզվի թարգմանությամբ, որպեսզի բոլոր քաղաքացիները ունենան տեղեկատվության հավասար հասանելիություն: Օրինակ, Տրանսպորտի նախարարությունը կարող է ավելացնել մի տեսանյութ, որտեղ օգտագործված է իրենց երկրի ժեստերի լեզուն, որպեսզի խուլ քաղաքացիները կարողանան ծանոթանալ տրանսպորտային միջոցների մատչելի տարբերակների մասին:

Գտնել թարգմանիչ

Ժեստերի լեզուն ընդգրկելու որոշումը առաջին մեծ քայլն է, բայց կարևոր է վարձել որակավորում ունեցող  թարգմանիչ: Ստորև ներկայացված են թարգմանիչ գտնելու մի քանի առաջարկներ.

  • Կապ հաստատեք խուլերի տեղական կազմակերպության հետ

Ժեստերի լեզվի թարգմանիչ գտնելու համար կարևոր է աշխատել խուլ համայնքի հետ: Որոշ երկրներում կան մարդիկ, ովքեր աշխատում են որպես թարգմանիչ, բայց իրականում չգիտեն, թե ինչպես պետք է հաղորդակցեն այն ժեստերի լեզվով, որն օգտագործում են լսողության խնդիրներ ունեցող անձինք: Հաշվի առեք, որ որոշ երկրների տարբեր շրջաններում կարող են օգտագործվել ժեստերի լեզվի տարբեր բարբառներ կամ նույնիսկ ամբողջովին տարբեր ժեստերի լեզուներ: Խուլերի կազմակերպությունները ձեզ կարող են ասել, թե արդյո՞ք կան ժեստերի լեզվի տարբերակներ ձեր երկրում, և նրանք կարող են ձեզ ուղղորդել թարգմանիչների ընտրության հարցում, որպեսզի դուք կարողանաք ընտրել լավագույնին՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց թարգմանելու համար:

Եթե դուք համոզված չեք, թե ինչպես կարող եք գտնել Խուլերի կազմակերպություններ ձեր երկրում, փորձեք տեղեկանալ Խուլերի Համաշխարհային ֆեդերացիայի  անդամության տեղեկատուի  մեջ: Եթե ձեր երկրում կա խուլերի ազգային ասոցիացիա, ապա, ամենայն հավանականությամբ, այն նշված է այս տեղեկատուի  մեջ: Ազգային ասոցիացիան, հավանաբար, կարող է ծանոթ լինել ամբողջ երկրի Խուլերի տեղական կազմակերպություններին: Եթե ձեր երկրում չկա խուլերի ազգային ասոցիացիա, ապա փորձեք տեղեկանալ հարևան երկրների ասոցիացիաներից, կամ գտեք Խուլերի Համաշխարհային ֆեդերացիայի (WFD) ձեր տարածաշրջանի քարտուղարությունը: Այս կազմակերպությունները կարող են իմանալ խուլերի ավելի փոքր, տեղական համայնքներին, նույնիսկ եթե ձեր երկիրը դեռևս չունի ազգային ասոցիացիա:

  • Հարցրեք, թե արդյո՞ք կան ժեստերի լեզվի թարգմանիչների որակավորման գործընթացներ

Որոշ երկրներում հնարավոր է չլինեն ժեստերի լեզվի սահունության չափորոշիչներ: Այդ դեպքում, ավելի լավ է հարցնել խուլ անձանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, որոնք ձեզ կառաջարկեն թարգմանիչներ:

Որպես լրացուցիչ ռեսուրս, դուք նաև կարող եք կապ հաստատել Ժեստերի Լեզվի Թարգմանիչների Համաշխարհային Ասոցիացիայի (WASLI) ձեր տարածաշրջանի ներկայացուցչի հետ`տեղեկանալու համար, թե արդյո՞ք նրանք ունեն իրազեկություն ձեր երկրի թարգմանչական կազմակերպությունների վերաբերյալ:

Թարգմանիչ ներգրավել միջոցառման ժամանակ

Հանրային միջոցառման ժամանակ ժեստերի լեզվի թարգմանիչը խոսակցական լեզվից թարգմանում է ժեստերի լեզվով, որպեսզի լսողության խնդիրներ ունեցող անձինք կարողանան ստանալ նույն տեղեկատվությունը, ինչպես բոլորը: Ինտերակտիվ ֆորումներում, որտեղ հասարակության անդամները հրավիրվում են հարցեր տալու կամ մեկնաբանություններ անելու նպատակով, ժեստերի լեզվի թարգմանիչը նաև կարող է ժեստերի լեզվից թարգմանել խոսակցական լեզու, որպեսզի լսողության խնդիրներ ունեցող անձինք նույնպես հնարավորություն ունենան հարցեր տալ և անել մեկնաբանություններ: Ստորև ներկայացված են որոշակի ցուցումներ, որոնք կապահովեն լսողության խնդիրներ ունեցող մասնակիցների լավագույն որակյալ թարգմանությունը:

  • Համոզվեք, որ թարգմանիչը բանախոսի հետ լինի միևնույն մակարդակի վրա

Երբ թարգմանիչը բանախոսի հետ գտնվում է միևնույն մակարդակի վրա, սա ավելի դյուրին է դարձնում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար տեսնել և՛  բանախոսի, և՛ժեստերի լեզվի թարգմանչի արտահայտությունները: Եթե բանախոսը նստած է սեղանի մոտ, թարգմանիչը ևս պետք է նստած լինի: Եթե բանախոսը կանգնած է բեմի վրա, թարգմանիչը նույնպես պետք է կանգնած լինի նրա մոտ`բեմի վրա:

  • Եթե միջոցառումը տևում է մեկ ժամից ավելի, վարձեք երկու ժեստերի լեզվի թարգմանիչներ

Ժեստերի լեզվի թարգմանությունը կարող է և´ֆիզիկապես, և´ մտավոր հոգնեցուցիչ լինել թարգմանիչների համար: Անհրաժեշտ է համոզվել, որ նրանք ունեն ընդմիջումներ, թե´թարգմանիչների առողջության, և թե´ բարօրության համար, նաև թարգմանիչների հանգիստը կապահովի նրանց որակյալ ծառայությունը իրենց խուլ հաճախորդներին: Եթե միջոցառումը երկար է, երկու թարգմանիչներ, սովորաբար, փոխարինում են միմյանց յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ:

  • Միջոցառումից առաջ թարգմանիչին (ներին) տրամադրեք հապավումների, անունների և ժարգոնների ցանկ

Շատ պետական ​​կառույցներ և կազմակերպություններ օգտագործում են ընդհանուր տերմինների հապավումներ: Միջոցառումներից առաջ թարգմանչին այս հապավումների ցանկը տրամադրելը կհեշտացնի նրանց թարգմանությունն ու այն կդարձնի ավելի ճշգրիտ: Օրինակ, եթե կազմակերպությունը օգտագործում է «D & G»- ն (Դի ընդ Ջի) որպես «ժողովրդավարության և կառավարման» հապավում, թարգմանիչը կարող է լսել «DNG» (Դի ըն Ջի): Երբ թարգմանիչը ծանոթ է ցանկացած համապատասխան հապավումներին, դա օգնում է լսարանին հասկանալ հաղորդագրությունը: Թարգմանչին տրամադրեք միջոցառման բոլոր կարևոր կազմակերպիչների և այն մարդկանց անունները, ովքեր պետք է ելույթ ունենան: Թարգմանիչները, թերևս, պետք է ներկայացնեն յուրաքանչյուր անձի անունը տառ առ տառ: Ներկայացվողների անունների ցանկի առկայությունը նրանց հնարավորություն կտա ճիշտ թարգմանել ցանկացած անուն: Եթե ​​միջոցառման մասնակիցները օգտագործելու են մասնագիտական տերմիններ, օգտակար կլինի թարգմանիչներին տրամադրել տերմինների ցանկը կամ թեմայի վերաբերյալ հիմնական նյութերը, որտեղ օգտագործված են համապատասխան տերմինները: Օրինակ, եթե քննարկումն իրականացվում է կրթության հանրային քաղաքականության վերաբերյալ, ապա թարգմանիչները կցանկանան ունենալ ուսուցիչների և կրթության ոլորտի քաղաքականություն մշակողների կողմից օգտագործվող տերմինների ցանկը:

  • Համոզվեք, որ թարգմանչի համար կա բավականաչափ լուսավորություն

Եթե բանախոսն ու թարգմանիչը գտնվում են բեմի վրա, համոզվեք, որ թարգմանիչը կանգնած է բանախոսի կողքին լույսի տակ: Եթե անհրաժեշտ է անջատել լույսերը, օրինակ, տեսահոլովակ ցույց տալու համար, ապա թարգմանչի հետ քննարկեք լավագույն լուծումը, որպեսզի մասնակիցները կարողանան տեսնել իրեն:

  • Համոզվեք, որ թարգմանիչը լույսի աղբյուրի առջև չի կանգնած

Մյուս կողմից, թարգմանիչները նույնպես չպետք է լինեն լույսի աղբյուրի առջև, քանի որ լույսը կարող է շատ պայծառ լինել, և մարդկանց համար դառնա հոգնեցուցիչ ամբողջ միջոցառման ընթացքում: Եթե թարգմանիչը կանգնած է պատուհանի առջև, համոզվեք, որ վարագույրները փակ են:

  • Երբ պատասխանում եք լսողության խնդիր ունեցող անձի հարցին, խոսեք հենց անձի հետ, այլ ոչ թե նրա թարգմանչի

Եթե միջոցառման ընթացքում մասնակիցները հարցեր տալու հնարավորություն ունեն, և հարցերից մեկը տրվում է լսողության խնդիր ունեցող անձի կողմից, համոզվեք, որ խոսելու ընթացքում նայում և դիմում եք հենց լսողության խնդիր ունեցող անձին:

Պատրաստել մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրությունը, որը դուք պատրաստել եք լրատվամիջոցների համար, պետք է նաև մատչելի լինի լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է նկարահանել թարգմանիչներին, երբ նրանք մասնակցում են միջոցառմանը, կամ ներառել ժեստերի լեզվով թարգմանություն այլ լրատվամիջոցների լուսաբանման համար, օրինակ, ինչպիսիք են հեռուստաընկերությունները: Նախ, թարգմանիչ ընտրելիս, հետևեք նախորդ բաժնում ներկայացված ցուցումներին: Այնուհետև որոշեք, թե արդյո՞ք թարգմանիչը լինելու է էկրանի վրա փոքր պատկերով, թե՞ բանախոսի կողքին: Նկարահանելիս ուշադրություն դարձրեք հետևյալ ցուցումներին: 

  • Խուսափե՛ք խոշոր կադրով ցուցադրել թարգմանչի ձեռքերը կամ դեմքը

Դուք պետք է կարողանաք տեսնել թարգմանչի մարմնի վերին հատվածը: Այս ամենը նշանակում է, որ պետք է երևա որովայնից վերև դեպի գլուխը և գլխից 30 սանտիմետր վերև, նաև յուրաքանչյուր ուսից դեպի աջ և ձախ ևս 30 սանտիմետր: Շատ ժեստեր ցուցադրվում են իրանի և դեմքի դիմացի հատվածում, ինչպես նաև գլխավերևում կամ դեմքի երկու կողմերում: Դեմքի, ձեռքի և բազկի շարժումները կարևոր են ժեստերի լեզվի համար: Գրեթե բոլոր ժեստերը ցուցադրելիս օգտագործվում են և՛ ձեռքերը, և՛ բազուկները: Մինչդեռ, որոշ քերականական նշաններ ցուցադրվում են կոնկրետ դեմքի արտահայտություններով և ուսերի կեցվածքով: Երբեք մի՛ թաքցեք թարգմանչի դեմքը կամ ձեռքերը`խոշորացնելով միայն ձեռքերը:

  • Օգտագործեք հասարակ ֆոն

Նախընտրելի է, որ թարգմանիչը կանգնի պարզ ֆոնի առջև, որը չունի նախշեր կամ պայծառ գույներ: Դա կհեշտացնի տեսնել ձեռքերն ու դեմքը և չի շեղի ուշադրությունը:

  • Թարգմանչին խնդրեք չկրել զարդեղեն և խորհուրդ  տվեք հագնել պարզ հագուստ

Զարդեղենը կարող է շեղել կամ թաքցնել ժեստերի լեզվի թարգմանչի կողմից օգտագործված որոշ շարժումներ: Պարզ, հասարակ գունավոր հագուստը օգնում է լսողության խնդիրներ ունեցող անձանց տեսնել թարգմանչի շարժումները.  գերադասելի է բաց գույնի երանգի հագուստ, եթե թարգմանիչը ունի թուխ մաշկ: Եթե ձեր երկրում կան վերապատրաստված, մասնագիտական հավաստագիր ունեցող ժեստերի լեզվի թարգմանիչներ, ապա այս պահանջները նրանց համար կլինեն որպես սահմանված կարգ:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: