Հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն ընձեռել հաստատություններից տեղափոխվել իրենց սեփական տուն
Կույր կինն ու անվասայլակ օգտագործող կինը նստել են սեղանի շուրջ և կտրատում են բանջարեղեն:

Հաշմանդամություն ունեցող կանայք տանը կերակուր են պատրաստում

Ներածություն

Շատ երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց ստիպում են ապրել հաստատությունում, նույնիսկ եթե նրանք նախընտրում են ապրել իրենց տանը: Չկարողանալով ընտրել, թե որտեղ և ում հետ եք ցանկանում ապրել, արդեն իսկ հանդիսանում է մարդու իրավունքների խախտում: Հաստատություններում բնակվող մարդիկ հաճախակի են բախվում մարդու իրավունքների խախտման դեպքերի, ինչպիսիք են`չեն կարողանում ընտրություն կատարել, թե ինչ բժշկական օգնություն են ցանկանում ընդունել կամ մերժել, ի զորու չեն մասնակցել համայնքային և մշակութային միջոցառումներին, ենթարկվում են խոշտանգումների ավելի մեծ ռիսկերի և բախվում այլ խնդիրների:

Որոշ վայրերում հաջողված ծրագրերի միջոցով հնարավոր է դարձել հաշմանդամություն ունեցող անձանց հաստատություններից տեղափոխել իրենց համայնքներ, իրենց սեփական տներ: Երբեմն հաստատությունները փակվել են, քանի որ բոլոր նախկին բնակիչներն այժմ ազատ ապրում են հաստատություններից դուրս:

Աջակցել անկախ կյանքին

Կան տարբեր միջոցներ, որոնցով հնարավոր է տրամադրել աջակցություն և ծառայություններ մարդկանց իրենց սեփական տներում՝ հնարավորություն տալով նրանց ապրել հաստատություններից դուրս: Օրինակները ներառում են անհատական խնամքի ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա գործողությունների համար (օր.`լողանալ, ուտել և այլն), կամ օժանդակությունը՝ վճարումները հասկանալու և կատարելու համար, ինչպես նաև անձնական բյուջեի, լվացքի և գնումների կառավարման հարցերում:

Որոշ դեպքերում այդ տեսակ ծառայությունները առկա են միայն հաստատության ներսում գտնվող անձանց համար: Այս սահմանափակումը կարող է արդյունավետորեն թակարդել մարդկանց հաստատություններում, նույնիսկ եթե օրենքները կարող են տեխնիկապես պաշտպանել իրենց տանը ապրելու իրավունքը: Հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման գործընթացում հաճախ անհրաժեշտ է ներառել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան նրանց ամեն օր ստանալ իրենց անհրաժեշտ բոլոր ծառայությունները կամ իրենց սեփական տանը, կամ համայնքային կլինիկայում կամ այլ սպասարկման գրասենյակում, ուր նրանք կարող են պարբերաբար այցելել:

Համայնքները դարձնել ներառական

Հաշմանդամություն ունեցող անձինք երբեմն փակվում են հաստատություններում, քանի որ տեղական թաղամասերն ու համայնքները ներառական չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տեղական համայնքներում մատչելիության խոչընդոտների վերացումը կարող է դառնալ ավելի մեծ պլանի մի մասը, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա հաստատություններից տեղափոխվել իրենց սեփական տներ:

Աջակցող օրենսդրություն

Օրենքների վերանայումը կարող է օգտակար լինել` աջակցելու ֆիզիկական անձանց իրենց տանն ապրելու իրավունքին:  Օրինակ, պետք է ստեղծել ծրագրեր, որոնք հնարավորություն կտան որոշակի տեսակի ծառայություններ մատուցել մարդկանց իրենց տանը կամ տեղական համայնքային կենտրոններում, որոնք նախկինում հասանելի էին միայն հաստատություններում: Որոշ դեպքերում անհրաժեշտ է օրենսդրություն, որը կստեղծի և կպահպանի աջակցության ծրագրեր:

Շատ երկրներում օրենքները շատ հեշտությամբ մշտապես զրկում են անձին որոշում կայացնելու իր իրավունքից, նա չի կարողանում որոշել, թե որտեղ է ցանկանում ապրել, որովհետև, պարզապես, անձն ունի մտավոր, հոգեբանասոցիալական կամ այլ հաշմանդամություն: Այս օրենքները հաճախ խախտում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) 12-րդ հոդվածի սկզբունքը: Այս օրենքները պետք է վերանայվեն կամ վերացվեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ունենալ հաստատությունից հրաժարվելու ազատություն և պահանջել ու ստանալ այնպիսի ծառայություններ, որոնք անհրաժեշտ են նրանց իրենց տանը:

Որոշ երկրներում անհրաժեշտ է նաև մշակել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող օրենսդրություն՝ դատարանում օրինական բողոքներ ներկայացնելու համար: Սա հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց իրենց իրավունքը պաշտպանել դատարանում կամ այլ կերպ արդարադատության հասնել, եթե զգում են, որ համայնքում ապրելու իրենց իրավունքը չի հարգվում: Օրենսդրությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքը՝ ստանալու հաշմանդամության հետ կապված ծառայություններ, բնակարան ձեռք բերել կամ վարձակալել, կամ այնպիսի համաձայնագրեր կնքել, որոնք կազդեն հաստատությունից դուրս ապրելու իրենց կարողությունների վրա:

Պարզապես, շատ երկրներում կարող է չափազանց դժվար լինել գտնել մատչելի տուն կամ բնակարան: Այսպիսով, կարող է օգտակար լինել ունենալ օրենսդրություն, որն ուղղված է մասնավոր տների քանակի ավելացմանը, որոնք լիովին մատչելի կլինեն տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առանց լրացուցիչ վերանորոգման անհրաժեշտության: Դա կարող է սկսվել նորակառույց տների շինարարությամբ, բայց նաև կարելի է խրախուսել տանտերերին`վերանորոգելու ընտրված առկա շենքերը:

Ապաինստիտուցիոնալացնել նորածիններին և երեխաներին

Կան նորածիններին ու երեխաներին հաստատություններում տեղավորելու բազմաթիվ պատճառներ: Հաշմանդամությունը կարող է հանդիսանալ պատճառներից մեկը: Որոշ երկրներ իրականացրել են նորածինների և երեխաների ապաինստիտուցիոնալացման ծրագրեր, որպեսզի նրանք կարողանան մնալ իրենց սկզբնական ընտանիքում կամ էլ տեղավորվեն խնամքի կամ որդեգրման տներում: Այս ծրագրերից շատերը, սակայն, ընդհանրապես շատ դանդաղ են երեխաների ապաինստիտուցիոնալացման համար, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաները վերջիններից են, ովքեր պետք է տեղափոխվեն հաստատություններից, եթե դրանք ապաինստիտուցիոնալացվում են:

Առաջատար կազմակերպությունները, այդ թվում Երեխաների Իրավունքների Միջազգային Ցանցը, խորհուրդ են տալիս մասնավորապես կարևորել հաշմանդամություն ունեցող երեխաների և այլ մարգինալացված երեխաների ապաինստիտուցիոնալացումը, որպեսզի նրանք չմնան հետին պլանում: Նրանք նաև առաջարկում են, որ երեխաների ապաինստիտուցիոնալացման համար նախատեսված ծրագրերը հարմարեցվեն  հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Օրինակ, խնամակալ ընտանիքների վերապատրաստման ծրագրերը պետք է ներառեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների բավարարման դասընթացներ: Որոշ ընտանիքների կարող է անհրաժեշտ լինել  պարբերական խնամքի աջակցություն, որպեսզի նրանք կարողանան շարունակել հոգ տանել ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին տանը:

Հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ տեղավորվում են հաստատություններում, քանի որ կրթություն ստանալու համար այլ վայր չկա: Հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացման համար անհրաժեշտ կլինի ջանքեր գործադրել՝ ամբողջ երկրում հանրակրթական դպրոցները ավելի մատչելի դարձնելու և կրթական կարիքների բավարարման համար առավել կոմպետենտ դառնալու համար:  

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: