Հասարակական կազմակերպությունը խթանում է իրավունքները՝ կառավարության հետ համագործակցության, անմիջական ծառայությունների մոդելների և որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համայնքներին ներգրավելու միջոցով
Վիետնամից մոտ 40 անձ խմբով կանգնած են բանների դիմաց: Մարդկանցից շատերը ունեն տեսանելի հաշմանդամություն և օգտվում են անվասայլակից:

Հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամահեն կազմակերպությունների ղեկավարների համար իրականցվող վերապատրաստման դասընթաց Վիետնամում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասին քաղաքականության մշակում թեմայով

Ձեռքբերումը 

«Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպության ծրագրերը հաջողությամբ պսակվեցին կենտրոնական և տեղական մակարդակներում Վիետնամի կառավարության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Նրանց աջակցությունը էական դերակատարում ունեցավ այնպիսի կարևոր ձեռքբերումներում, ինչպիսիք են՝

  • Հաշմանդամություն ունեցող անձանց մասին առաջին ազգային օրենքը
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի համակարգման ազգային խորհրդի ստեղծումը
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Վիետնամի Ֆեդերացիայի և  հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և կառավարվող համայնքային կազմակերպությունների (DPOs) ստեղծումը
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումը (CRPD)
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային պլանների մշակումը
Ինչը աշխատեց 

Կառավարության հետ համագործակցությամբ, «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպությունը կարողացավ օգտագործել տեղական և միջազգային փորձագիտությունն ու կիսել լավագույն փորձը՝ միջազգային փորձագետների այցելությունների, պետական այրերի և հաշմանդամություն ունեցող անձանց ուսումնական շրջայցերի, գնահատումների, հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հնարավորությունների սոցիալական և տնտեսական օգուտների վերաբերյալ ուսումնասիրությունների միջոցով:

Հաջող քաղաքականությունների և ծառայությունների դիտարկման, ինչպես նաև պետական պաշտոնյաների, ծառայություն մատուցողների և լավագույն փորձը կիսող ջատագովության խմբերի հետ հանդիպելու հնարավորությունները նպաստեցին Վիետնամում որոշում կայացնողների իրազեկման զգալի աճին:

Երկխոսությունները և հանրային խորհրդատվությունները, որտեղ քաղաքականություն մշակողները, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց շահերի պաշտպանները հանդիպում են, քննարկում և մեկնաբանում քաղաքականությունների նախագծերն ու գործողությունների պլանները, կարևոր քայլ են հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները խթանող և պաշտպանող արդյունավետ իրավական դաշտի իրականացման ուղղությամբ:

Քաղաքականության ջատագովության գործընթացին աջակցելու նպատակով «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» կազմակերպությունը աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման մոդելներին՝ սոցիալական, կրթական և վերականգնողական բնագավառներում: Քաղված դասերը և լավագույն փորձը, որոնք կիսում են քաղաքականության մշակողները և շահերի պաշտպանները, ազգային մակարդակում ներառվել են համապատասխան քաղաքականության կամ ծրագրերի մեջ:

Որպես օրինակ, «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպության գործարարների հետ աշխատելու հաջողված փորձը`աշխատանքի վերաբերյալ դասընթացներ անցկացնելու և որակյալ շրջանավարտներին աշխատանքի ընդունելու գործում, հանգեցրել է ազգային մակարդակով Գործատուների խորհրդի ստեղծմանը, որը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը (BREC): Խորհուրդն ունի ավելի քան 250 միջազգային և տեղական անդամներ, որոնք ամբողջ երկրում աշխատանքի են ընդունել ավելի քան 2000 հաշմանդամություն ունեցող անձի:

«Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպությունը գիտակցում է, որ պատասխանատու շահագրգիռ կողմերը, ներառյալ պետական պաշտոնյաները, ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը դառնա ներառական և հնարավորություն ընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նրանք ունեն փորձի, խորհրդատվություն և լավագույն պրակտիկայի կարիք, որոնք կհամապատասխանեն Վիետնամական միջավայրին և մշակույթին, որպեսզի կարողանան հաղթահարել կարծրատիպերը, անփորձությունն ու ապատեղեկատվությունը: Կարևոր է, որ այս օժանդակությունը իրականացվի սոցիալ-տնտեսական տեսանկյունից՝ հիմնված հաջողված պատմությունների վրա, այլ ոչ թե տեսական կամ ակադեմիական մոտեցման վրա:

Քաղաքականության և ծրագրերի շահառուների հետ ամուր գործընկերությունը ևս կարևոր գործոն է հաջողության հասնելու համար: Վիետնամում հաշմանդամություն ունեցող անձանց ծրագրերի իրականացման առաջին իսկ օրից սկսած «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպությունը բացահայտել և աջակցել է այն ծրագրերը, որոնք ուղղված են եղել հաշմանդամություն ունեցող առաջնորդների, հաշմանդամահեն կազմակերպությունների և  ինքնագործ խմբերի կարողությունների զարգացմանը, նրանց ներգրավել  է քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում: «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպության մոտեցումն է փոխանակել տեղեկատվություն և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց՝ պարզելու, թե ինչն է կարևոր յուրաքանչյուր անհատի և համայնքի համար, և օգնել հաշմանդամություն ունեցող անձանց խմբերին իրավաբանորեն ճանաչվել կառավարության և հասարակության կողմից: Իրենց կազմակերպությունների միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ձայն ու խոսքը դարձավ ավելի լսելի, և նրանք դարձան ավելի վստահ և ավելի պատրաստված՝ ջատագովելու իրենց իրավունքների համար և ծառայելու իրենց համայքնի անդամներին:

Որոշում կայացնողները ընդունեցին, որ հաշմանդամություն ունեցող անձինք լավագույնս գիտեն իրենց շահերի և կարողությունների մասին և պետք է ներառվեն կառավարության հետ՝ պլանավորման և որոշումների կայացման գործընթացներում: Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունները պետք է ներգրավվեն իրենց վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի իրականացման մեջ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպության նախաձեռնությունները եղել են կատալիզատորներ Վիետնամի ազգային և համայնքային հաշմանդամահեն կազմակերպությունների (DPOs) ստեղծման համար: Նրանցից շատերը հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների և ջատագովության ոլորտում դարձել են պետական և հասարակական կազմակերպությունների ուժեղ գործընկերներ:

Ավանդական բարեգործական մոդելը թողել է ժառանգություն, որը մարդու իրավունքների վրա հիմնված և հզորացման մոտեցման հակասությունն է: Այս մարտահրավերին լուծում տալու համար «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպության ծրագրերը խրախուսում են կառավարությանը և հաշմանդամահեն կազմակերպություններին՝ խթանելու կրթությունն ու կարողությունների զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված  ազգային քաղաքականության և ծրագրերի մեջ ընդունելու ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) իրավահենք սկզբունքները, ինչպես նաև ազգային և համայնքային մակարդակներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում առաջնահերթություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծրագրերին: «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպությունը կարծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց տեղական համայնքները և հաշմանդամահեն կազմակերպությունները կշարունակեն ուժեղանալ և կդառնան կառավարության վստահելի գործընկերներ, կստեղծեն ներառական հասարակություն, որն առաջարկում է հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ բոլորի համար:

Հեղինակի մասին 

Այս հոդվածը գրել է Բոբ Հորվաթը «Հաշմանդամություն ունեցող անձանց վիետնամական աջակցություն» (VNAH) կազմակերպությունից: Այն ԱՄՆ-ում գործող հասարակական կազմակերպություն է, որը վերջին 25 տարիների ընթացքում աջակցել է Վիետնամի զարգացման ջանքերին: Տարբեր աղբյուրների աջակցությամբ (հիմնականում ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) VNAH-ն Վիետնամական կառավարությանը տրամադրել է տեխնիկական աջակցություն, ինչպես նաև աջակցություն` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու հասարակական մասնակցությունը խթանող քաղաքականությունների և ծրագրերի մշակման ու կիրարկման գործում: Այս կազմակերպության մասին ավելին տեղեկանալու համար այցելեք http://www.vnah-hev.org/ կայքէջ:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: