Նշենք, որ ԱՄՆ-ը ձեռք է բերել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իր նշանակալից օրենքը՝ տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համագործակցության, գործադուլների և հանրահավաքների, քաղաքականություն մշակողների իրազեկման միջոցով
Սպիտակ շենք՝ կապույտ երկնքի տակ

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը մայրաքաղաք Վաշինգտոնում

Բաժին 504 նստացույց

1973 թվականին ԱՄՆ կառավարությունը ընդունեց «Վերականգնողական Ակտ» (Rehabilitation Act) օրենքը: Վերականգնողական Ակտի Բաժին 504 –ը արգելում է խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ այն բոլոր ծրագրերում և աշխատանքներում, որոնք ֆինանսական օժանդակություն են ստանում ԱՄՆ պետդեպարտամենտից: Սա առաջին օրենսդրությունն էր, որը պաշտպանում էր հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքները ԱՄՆ –ում:

Սակայն, օրենքի ընդունումից հետո առաջին մի քանի տարիների ընթացքում Բաժին 504-ը չէր իրագործվում: Կառավարությունից երկար ժամանակ պահանջվեց կանոնակարգեր գրելու համար, որոնք կորոշեին, թե ինչպես պետք է կիրարկվի Բաժին 504-ը: Բացի այդ, մարդիկ, ովքեր գրում էին կանոնակարգերը, դրանք այնքան թույլ էին մշակում, որ այդ կանոնակարգերը չէին կարող պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կողմնակիցների մի մեծ խումբ մտել էր Սան Ֆրանցիսկոյի դաշնային շենք և սկսել նստացույց՝ պահանջելով, որ կառավարությունը մշակի ավելի ուժեղ կանոնակարգեր, որոնք կկիրարկեն Բաժին 504-ը: Տարբեր տարիքի,  ռասայի և տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող ավելի քան 200 մարդ 28 օր պաշարել էին դաշնային գրասենյակները: Շենքից դուրս գտնվող կազմակերպությունները օգնում էին  գրավել լրատվամիջոցների ուշադրությունը շարունակվող ցույցի նկատմամբ: Եվ ՛ հաշմանդամահեն կազմակերպությունները, և ՛ շահերի պաշտպանության կազմակերպությունները առաքում էին սնունդ, ներքնակներ, լոգանքի պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր շենքում գտնվող ցուցարարներին: Ստորև տեսե ՛ք տեսագրություն նստացույցից, որի հղումը կա մեր տեսահոլովակների հավաքածուի մեջ:

Ի պատասխան այս և այլ գործողությունների, կառավարությունը ի վերջո արձագանքեց առավել ուժեղ կանոնակարգերով՝ կիրարկելու համար Բաժինը 504-ը:  Չնայած նրան, որ Բաժին 504-ը ազդում է միայն այն ծրագրերի վրա, որոնք ֆինանսական օժանդակություն են ստանում ԱՄՆ պետդեպարտամենտից, Բաժին 504-ի  շատ կանոնակարգեր հետագայում ընդգրկվեցին Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտում (ADA), երբ այն ընդունվեց 1990 թվականին:

Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտ (ADA)

Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտը (ADA) առաջին անգամ ներկայացվել է ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին քննարկման համար 1989 թվականին:  Տարբեր հաշմանդամահեն կազմակերպությունների կոալիցիաներ, որոնց կազմում էին տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք, աշխատում էին  միասին և զբաղվում շահերի պաշտպանությամբ, որպեսզի ԱՄՆ-ը ընդունի  Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտը (ADA): Հաշմանդամություն ունեցող շատ անձինք հանդիպում և զրուցում էին ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների, ինչպես նաև նրանց աշխատակիցների հետ՝ կիսելու իրենց անձնական փորձը խտրականության և բացառման վերաբերյալ: Հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չէին կարող գալ և հանդիպել սենատորների, կոնգրեսականների և նրանց աշխատակիցների հետ, գրում էին նամակներ կամ կատարում էին հեռախոսազանգեր՝ խնդրելով աջակցել Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի ընդունմանը:

Որոշ քաղաքականություն մշակողներ, լսելով պատմություններ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դրսևորումների մասին, զգացին, որ կա մի օրենքի անհրաժեշտություն, որը կպաշտպաներ  հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքները: Սակայն, որոշ ամերիկացի գործարարներ նույնպես սկսեցին կապ հաստատել սենատորների և կոնգրեսականների հետ՝ խնդրելով ընդդիմանալ Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի ընդունմանը: Մասամբ այս պատճառով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովները   ձգձգում էին Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի օրինագծի քննարկումը, որպեսզի նրանք պատասխանատվություն չկրեին դրա օգտին քվեարկելու համար:

Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց աջակիցները մեծ երթ ու հանրահավաք կազմակերպեցին մայրաքաղաք Վաշինգտոնում Կապիտոլիումի մոտ, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների սենատորների ու կոնգրեսականների գրասենյակները: Հանրահավաքի ժամանակ անվասայլակից օգտվող անձանց  մի փոքր խումբ  սողալով բարձրացավ ԱՄՆ-ի Կապիտոլիումիշենք, որպեսզի բևեռեն լրատվամիջոցների ուշադրությունը մատչելիության խնդրի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի ընդունման անհրաժեշտության վրա: ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը ընդունեց Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտը (ADA) 1990 թվականի մայիսին, իսկ 1990 թվականի հուլիսի 26-ին նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտը, որով այն օրինական ուժի մեջ մտավ:

Լոբբինգ անել՝ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվեցիայի (CRPD) վավերացման համար

2009 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամայել է ստորագրել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Հետագայում ԱՄՆ-ի կառավարությունը  մանրակրկիտ ուսումնասիրել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (CRPD) և  այն համեմատել ԱՄՆ -ի դաշնային և նահանգային օրենքների հետ, և ապա 2012 թվականի մայիսին վավերացման առաջարկություն է արել Սենատին:  Միացյալ Նահանգների  ամբողջ տարածքներից հաշմանդամություն ունեցող անձինք գրում էին նամակներ սենատորներին, զանգահարում էին իրենց գրասենյակներ և հանդիպում էին նրանց հետ՝ խնդրելով աջակցել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) վավերացմանը: ԱՄՆ-ի սենատը քվեարկության դրեց հռչակագիրը 2012 թվականի  դեկտեմբերի 4-ին, բայց ոչ բավարար սենատորներ աջակցեցին, որպեսզի այն ընդունվի: Հռչակագրի ընդունման համար չբավականացրեց հինգ ձայն, որն անհրաժեշտ էր  66 ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալու համար: Նշենք, որ ԱՄՆ Սենատը դեռևս վերաքվեարկության չի ներկայացրել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

 

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: