Շահերի պաշտպանի համապարփակ մոտեցումը՝ Պերուի հաշմանդամություն ունեցող երեխաներին և մեծահասակներին մատչելի գրքերով ապահովելու համար
Մի կին նստած է գրասեղանի մոտ՝ տպագիր նյութերը խոշորացնող սարքի դիմաց: Նա գիրքը բաց վիճակում դնում է սարքի վրա, որը տեքստը մեծ տառաչափով արտացոլում է մոնիտորի վրա: Կինը մոնիտորի էկրանին կարողանում է կարդալ խոշոր տառերով տեքստը:

Պերուից Էլիզաբեթ Ֆրանսիսկա Կամպոս Սանչեսը օգտագործում է խոշորացույց` տպագիր գիրքը կարդալու համար:

Ձեռքբերումը 

Պերուում մատչելի ձևաչափով գրքերն այնքան սակավ են, որ շատ կույր մարդիկ ստիպված են իրենց գրքերը արտագրել Բրայլի գրատիպով՝ օգտագործելով կաղապար, ստիլուս և գրիչ: Եթե սա պատահեր տաս տարեկան աղջկա հետ, մենք կզարմանայինք, թե նա ինչու՞ պետք է կատարի այդ հոգնեցուցիչ աշխատանքը: Այդ տարիքում նա պետք է վայելեր իր ազատ ժամանակը: Հաշվի առնելով այն փաստը, որ Պերուի կառավարությունը ռեսուրսներ է տրամադրում, որպեսզի հանրակրթական դպրոցներ հաճախող երեխաները հնարավորություն ունենան ստանալ դասագրքեր, մեր օրինակի աղջիկը ևս պերուացի երեխա է և մյուս երեխաների նման ունի կարդալու իրավունք: Պետք է հաշվի առնել նաև չափահաս անձի օրինակը, ով տարիքի հետ կապված ունի տեսողության խնդիրներ: Նա խոստովանում է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սիրահարված է եղել Իզաբել Ալենդեի վեպերին: Նրա միակ ցանկությունն է կրկին կարդալ Ալենդեի ստեղծագործությունները: Նա ծեր մարդ է, ով միշտ աշխատել և հարկեր է վճարել, ինչպես ցանկացած այլ պերուացի, բայց այժմ չի կարողանում օգտվել այդ գրքերից:

Նմանատիպ օրինակներ չպետք է լինեն 21-րդ դարում, երբ տեխնոլոգիան մեծապես օգնում է կույր անձանց՝ Բրայլի սարքավորումների, տեքստի ընթերցիչների և այլ սարքերի ստեղծումով: Տեղեկատվության մատչելիությունը կարևոր է: Մենք անկախ կյանք վարելու համար ապավինում ենք այս գործիքներին, որպեսզի կույր երեխաները կարողանան կարդալ մյուս երեխաների նման, իսկ տարեցները շարունակեն վայելել մշակույթը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի:

Ինձ զարմացնում է, թե ինչու՞ մենք չունենք այսպիսի ծառայություններ Պերուում: Ես հաճախ գիտակցում եմ, որ դա ոչ թե ռեսուրսների պակաս է, այլ՝ քաղաքական կամքի: Մեզ մոտ բացակայում է բոլորի կարիքները տեսնելու ունակությունը, և դրանք պետք է լինեն մեր պատասխանատվության ներքո: Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների մատչելիությունը չպետք է դիտարկվի մեր փորձառությունից դուրս երևույթ, այլ՝ որպես մեր սոցիալական պատասխանատվության հիշեցում, որ բոլոր ծառայությունները իսկապես բոլորի համար են:

Որպես հաշմանդամություն ունեցող անձ կարծում եմ, որ մենք մեր լուման պետք է ունենանք խնդրի լուծման մեջ, որովհետև հենց մե՛նք ենք այն մարդիկ, ովքեր անմիջականորեն իրենց վրա են զգում անմատչելիության ողջ ծանրությունը: Ուստի, ինտերնետային հետազոտությունների և վերջերս ԱՄՆ կատարած այցի միջոցով, ես ձգտել եմ ծանոթանալ նոր տեխնոլոգիաների հետ, և թե ինչպես են կույր անձինք մատչելի ձևաչափերով գրքեր ստանում այլ երկրներում: Երբ ԱՄՆ-ում էի և մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցում էի համաժողովի, ես այցելեցի հանրային գրադարան, որտեղ նրանք ունեին մատչելի կենտրոն, և նրանց տաս աշխատակիցներից յոթը ունեին հաշմանդամություն: Այս կենտրոնում օգտատերերին ուսուցանում էին օգտվել ընթերցման տարբեր ձևաչափերից: Սա անչափ կարևւոր է ինձ համար, քանի որ հաշմանդամություն ունեցող անձը պետք է իմանա տարբեր ձևաչափեր և կարողանա ինքնուրույն ընտրել այն ձևաչափը, որը ցանկանում է օգտագործել: Օրինակ, եթե ես վեպ եմ կարդում, ես նախընտրում եմ աուդիո կամ թվային ձևաչափեր, իսկ կարճ տեքստերի դեպքում նախընտրում եմ Բրայլը:

Իմ երկրում մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել այս ոլորտում: Այժմ ունենք գրադարան, որը մատչելի ձևաչափերով գրքեր է տրամադրում: Մեր նոր ազգային գրագիտության պլանը ներառում է նաև այն երեխաներին, ովքեր կույր են կամ թույլ տեսնող: Վավերացնելով Մարաքեշի պայմանագիրը՝ մեր կառավարությունը պարտավորվել է բարձրացնել այլընտրանքային ձևաչափերով գրքերի հասանելիությունը:

Ինչը աշխատեց 

Ստեղծել միջավայր, որտեղ բոլորը կարող են կարդալ

Պերուի Միրաֆլորես թաղամասի «Ռիկարդո Պալմա» գրադարանում մշակվել է մի ծրագիր, որով ամեն հնարավոր բան արվելու է, որպեսզի գրադարանը դառնա հաճելի, հյուրընկալ և մատչելի վայր բոլորի համար: Գրադարանը այն վայրն է, որտեղ հնարավոր է զգալ ընթերցանության բերկրանքը, անկախ նրանից դուք ունեք հաշմանդամություն, որը Ձեզ խանգարում է տեսնել, թե ոչ: Դա հնարավոր դարձավ այս ամենի առկայության շնորհիվ՝

  • Ընթերցիչ սարքեր, որոնք ճանաչում են տպագիր տեքստը տեսախցիկով և վերարտադրում այն աուդիո տարբերակով
  • «CCTV» փակ կաբելային հեռուստատեսություն, որը հնարավորություն է ընձեռում տեսողության խնդիրներ ունեցող անձանց կարդալ տեքստը մեծ տառատեսակով
  •  DVD էկրան ունեցող համակարգիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում մարդկանց ընթերցել թվային ձևաչափերով
  • Տպագիր գրքերի հավաքածուներ, աուդիո գրքեր, թվային գրքեր և Բրայլյան գրքեր
  • Ընթերցանությանն աջակցող ծառայություններ այն մարդկանց համար, ովքեր չեն օգտագործում տեխնոլոգիաներ
  • Անվասայլակ օգտագործող անձանց համար ընդարձակ սենյակներ

Չի բացառվում, որ գրադարանի համար պատասխանատու անձինք բավականաչափ տեղեկատվություն չեն ստանում նոր տեխնոլոգիաների մասին, որպեսզի կարողանան հնարավորություն ընձեռել կույր և թույլ տեսնող անձանց օգտվել այն նյութերից, որոնք պահվում են իրենց գրադարակներում կամ վեբ կայքերում: Երբ գրադարանը սկսեց մատչելի ծառայություններ մատուցել, ես նրանց դիմեցի որպես տեսողության խնդիր ունեցող անձ, ով կարողանում է օգտվել տեխնոլոգիաներից, որպեսզի միասին կարողանայինք պլանավորել ծառայությունները: Միասին մենք որոշեցինք, որ ծառայությունները պետք է լինեն պարզ: Օրինակ, լինելու են աուդիո գրքեր և խոշորացույցներ, քանի որ, որպես կանոն, հաշմանդամություն ունեցող անձանց 50% -ը 65 տարեկանից բարձր տարիք ունեն՝ ըստ վերջին հետազոտության արդյունքների:

Եթե քաղաքապետարանները չունեն համապատասխան ռեսուրսներ մշակույթի մեջ ներդրումներ կատարելու համար, կարելի է օգտագործել մասնակցային բյուջեն (էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից հատկացված ֆոնդը, որը կարող են  օգտագործել թաղային խորհուրդները): Դուք կարող եք ազդեցություն գործել թաղային խորհուրդների վրա`աջակցելու նմանատիպ նախագծին, որը կներկայացվի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը:

Ներառել մատչելիությունը ազգային նախաձեռնություններում

Պերուում իրականացվում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց 2016-2021 թթ.ընթերցանության ծրագիրը: Ես հրավիրված էի միանալ այս նախաձեռնությանը`համոզվելու համար, որ ընթերցանության ծրագրի գործողությունները մատչելի են տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Մենք պատրաստում ենք Պերուի կենդանական աշխարհի մասին առաջին գիրքը, որը տպագրվելու է ուռուցիկ տպագրության տեխնոլոգիաների կիրառմամբ, և տարածում ենք Բրայլի համակարգը թաղային այն դպրոցներում, որոնք իրենց աշակերտների շարքում ունեն տեսողության խնդիրներ ունեցող երեխաներ:

 Կյանքի կոչել միջազգային պայմանագրերը

Պերուում Մարաքեշի պայմանագրի վավերացման համար՝ մենք, մի քանի կույր անձանցով, նպատակադրվեցինք Պերուն դարձնել այս կարևոր միջազգային համաձայնագրի մասնակից, որպեսզի մեզ նման տեսողության խնդիրներ ունեցող անձինք կարողանան գրքեր ընթերցել մատչելի ձևաչափերով: Սրա համար մենք ստիպված էինք այցելել այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են`Արտաքին գործերի նախարարությունը, Մտավոր սեփականության պաշտպանության ինստիտուտը, Պաշտպանության և ֆինանսների նախարարությունն ու Ազգային գրադարանը: Սրանք այն կազմակերպություններն են, որոնք պատասխանատու են պայմանագրի իրականացման և կիրարկման համար: Սա հեշտ գործ չէր, և ոչ էլ արագ: Կարևոր էր չհուսահատվել և չհրաժարվել գաղափարից, երբ դռները փակվում էին մեր առջև. անհրաժեշտ էր գտնել դաշնակիցներ, ովքեր մեզ կօգնեին այս հարցում, և գտնել ճիշտ պահը՝ որոշում կայացողներին և պաշտոնյաներին դիմելու համար:

Մեզ համար ամենամեծ դժվարություններից մեկն այն էր, որ Ազգային գրադարանը, որը գրքերի և ընթերցանության  քանակով առաջատար կազմակերպություն է, չէր պատասխանում Արտաքին գործերի նախարարությանը, որը խնդրել էր կարծիք հայտնել այս պայմանագրի վերաբերյալ: Հետևաբար, մենք մասնակցեցինք ազգային գրադարանում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ելույթ էր ունենալու տնօրենը: Այդ ամբողջ ժամանակահատվածում մենք շատ մոտ էինք կանգնած տնօրենին, և երբ նա ավարտեց իր զեկույցը, մենք խոսեցինք նրա հետ Մարաքեշի պայմանագրի մասին և, թե որքան կարևոր է, որ նա հրապարակայնորեն արտահայտվի այդ մասին:

Սա մեծ հաղթանակ էր, բայց ոչ խնդրի լուծում: Կոնգրեսականի աջակցությամբ մենք ստիպված էինք շարունակել մեր պայքարը, մինչև կարողացանք փաստաթուղթը ներկայացնել օրենսդիր մարմնին և ապահովեցինք, որ Արտաքին գործերի հանձնաժողովը այն կարևորի և հավանության արժանացնի, որպեսզի ուղարկվի խորհրդարան՝ վավերացման քվեարկության համար: Այնուհետև մենք տեղեկացնում էինք բոլոր պայմանավորվող կողմերին, թե ինչ օգուտներ կտա  պայմանագիրը տեսողության խնդիրներ ունեցող անձանց, եթե Պերուն այն վավերացնի: Մենք նաև կարողացանք զանգվածային լրատվամիջոցների հավանությանն արժանանալ և գրավել նրանց ուշադրությունը այս հիմնախնդրի հանդեպ: Պայմանագրի ստորագրումն ապահովելու համար՝ մենք ստիպված էինք շարունակել մեր շփումն ու համագործակցությունը Արտաքին գործերի նախարարության հետ մինչև վավերացման գործընթացի ավարտը (արձանագրությունը  ՄՍՀԿ-ի գրասենյակներում, Ժնևում):

Իմ կարծիքով, Մարաքեշի պայմանագիրը հնարավորություն է ընձեռում տեսողության խնդիրներ ունեցող անձանց ընթերցանության բարելավմանը ոչ միայն այլ երկրներից այլընտրանքային ձևաչափերով գրքեր ստանալով, այլ նաև նպաստում է պերուական գրքերի հարմարեցմանը, որպեսզի մենք ևս կարողանանք մեր գրականությունը հասանելի դարձնել այլ երկրների ընթերցողների համար:

Հեղինակի մասին 

Իմ անունը Էլիզաբեթ Ֆրանսիսկա Կամպոս Սանչես է, ես «Պերուի Կույր կանանց կոմիտե» (CODIP) կազմակերպությունից եմ, որը գտնվում է Պերուի Լիմա քաղաքում: Ես գործադիր տնօրեն եմ և առաջնորդում եմ «Կարդալը  ազգային իրավունք է» քարոզարշավը:

Որպես CODIP- ի գործադիր տնօրեն և «Հաշմանդամության և իրավունքների վերաբերյալ կլոր սեղանի» ակտիվ   մասնակից, որը գործում է Մարդու իրավունքների ազգային համակարգողի լիազորության ներքո, տիկին Կամպոսը ակտիվորեն խթանում է մարդու իրավունքները, հատկապես Պերուում հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքները: Նա իրականացնում է ջատագովության ծրագրեր և համակարգում է այլ հաշմանդամահեն և մարդու իրավունքների հասարակական կազմակերպությունների աշխատանքները, ներառյալ BRIDGE- ի վերջին մոդուլի ուսուցման ղեկավարման աշխատանքները: Տիկին Կամպոսը երկար տարիների աշխատանքային փորձ ունի, խթանել է տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդների և մեծահասակների իրավունքները՝ ուսուցանելով օժանդակ տեխնոլոգիաներ և տեխնիկական աջակցության տարբեր ձևեր: Նա ներկայումս ջանում է խթանել աուդիո նկարագրությունն ու փակ ենթագրերը տեսողության և լսողության խանգարումներ ունեցող անձանց համար: Տիկին Կամպոսը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ներառական կրթության և հասարակության բոլոր բնագավառներում հաշմանդամություն ունեցող կանանց հզորացման հանդեպ:

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: