Անցյալ տարի փետրվարին ես հրապարակեցի «Առանց արդարադատության մատչելիության» հոդվածը իմ բլոգում, որտեղ ես ներկայացնում էի այն անհարմար և անպատիվ իրավիճակը, որին ես բախվում էի որպես փաստաբան, երբ ստիպված էի լինում այցելել Լիմայի առաջին ատյանի քրեական դատարան, որը տեղակայված է Պերուի Լիմա նահանգի Սան Իսիդրո քաղաքի Արենալես պողոտայի 26 հասցեում գտնվող քրեական դատարանների կենտրոնակայանում:
Բազմաթիվ թերությունների շարքում էին մեքենաների համար հատուկ ավտոկայանատեղի բացակայությունը, հինգ աստիճաններից բաղկացած գլխավոր մուտքը, որը չուներ թեքահարթակ, «հատուկ մուտքը», որն ուներ հինգ աստիճաններ և չուներ փողոց բացվող տեսարան, երրորդ հարկում գտնվող դատարանն ու վատ վիճակում գտնվող վերելակը:
Պերուի դատական համակարգը խախտում էր մի շարք ազգային օրենքներ և միջազգային կոնվենցիաներ.
- Հաշմանդամություն ունեցող անձանց մասին ընդհանուր օրենքն ու դրա կարգավորումը
- ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան
- Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջամերիկյան կոնվենցիան
- Ազգային շինարարական կանոնակարգերը
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
- Պերուի Քաղաքական Սահմանադրության 2-րդ և 7-րդ բաժինների 1-ին և 2-րդ հոդվածները
Իհարկե, արդարադատության մատչելիության հարցը չի տեղավորվում ճարտարապետական կամ ֆիզիկական արգելքների շրջանակներում: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և իրավական մատչելիության հարմարեցումները հավասարապես կարևոր են: Այնուամենայնիվ, այս անգամ ես ուզում եմ իմ ուշադրությունը սևեռել ֆիզիկական մատչելիության վրա, որը կապ ուներ ինձ հետ պատահած միջադեպի հետ և ինչն ինձ դրդեց բողոք ներկայացնել Արդարադատության և Մարդու իրավունքների նախարարությանն ու օմբուդսմենին:
Ի պատասխան`Արդարադատության փոխնախարարը որպես քաղաքացիական հասարակության անդամ ինձ հրավիրեց մասնակցելու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով աշխատանքային խմբի աշխատանքներին՝ պատրաստելու Մարդու իրավունքների ազգային պլանը: Այն առաջարկ էր, որը ես ընդունեցի մի խումբ մոտիվացված ակտիվիստների հետ միասին՝ առաջարկելով իմ խոնարհ ներդրումը: Մենք շատ զգույշ էինք մատչելիության խնդիրը լուծելու հարցում:
Մյուս կողմից, հարկ է նշել, որ մի քանի շաբաթվա ընթացքում Լիմա քաղաքի կենտրոնի Աբանչեյի պողոտայում գտնվող դատարանի շենքի դիմացի մուտքը հարմարեցվեց թեքահարթակով և պատշաճ կերպով աշխատող վերելակով:
Կարևոր է ընդգծել մի փաստ, որ Դատական համակարգը Հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիության ծրագրի միջոցով ընդունեց Խոցելի պայմաններում գտնվող անձանց արդարադատության մատչելիության Դատական համակարգի ազգային ծրագիրը: Վերոնշյալ 5 տարվա ազգային ծրագիրը (2016-2021) առաջարկում է ապահովել մարդու իրավունքների իրականացում առանց խտրականության՝ խոցելի պայմաններում գտնվող անձանց արդարադատության մատչելիության համար: Սա ենթադրում է բացահայտել իրավական խոչընդոտները, որպեսզի վերացվեն դրանք ու ձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ` այս իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Դրան ի պատասխան, Դատական դեպարտամենտը վերջերս հաստատեց Հաշմանդամություն ունեցող անձանց դատական պաշտպանության մասին արձանագրությունը , որն առաջարկվել էր «Խոցելի խմբերի արդարադատության մատչելիության և համայնքի արդարադատության մշտական հանձնաժողովի» կողմից:
Կարծում եմ արժի կարևորել այն նախաձեռնությունը, որը կիրառվելու էր երկրի գերագույն դատարաններից 34-ում: Դրա նպատակն էր տրամադրել ուղեցույցներ դատավորներին և արդարադատության ոլորտի այլ ծառայողներին, որոնք, ընդհանուր առմամբ, նրանց կօգնեին լիարժեք կերպով, ճիշտ և արդյունավետ ծառայություն / օգնություն առաջարկել հաշմանդամություն ունեցող անձանց՝ առանց որևէ խտրականության իրականացնելու իրենց իրավունքները արդարադատության համակարգի բոլոր մակարդակներում:
Նմանապես, այս համակարգը մշակելու է նախաձեռնություններ, որոնք նպաստելու են Պերուի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրացմանը` արդարադատության իրականացման և հասարակության բարելավման գործում քննադատորեն վերափոխված և ճանաչված լինելու համար:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ևս ունեցել են իրենց ներդրումը, նույնիսկ APRODEH- ն (Մարդու իրավունքների ասոցիացիան) հրապարակել է կարևոր վերլուծություն այս թեմայի վերաբերյալ:
Այս բնույթի արձանագրությունը պահանջում է նպատակներ, ցուցանիշներ և բյուջե, հակառակ դեպքում այն չի ունենա արդյունավետ արդյունքներ, ուստի մենք հավատում ենք, որ այն պետք է լինի հետևողական և մշտապես ենթարկվի մշտադիտարկման:
Հետաքրքիր նախաձեռնություններ են արդեն հայտնվում, օրինակ, այս արձանագրության հիման վրա Պերուի հյուսիսային լեռնաշղթաներում գտնվող Կախամարկայի Արդարադատության դատարանը մի ծրագիր է իրականացնում` կույր անձանց ծանուցելու դատական որոշումներն ու դատավճիռները Բրայլի համակարգով:
Հուսով ենք, որ ազգային պլանները հաջողությամբ կիրականացվեն և կկիրառվեն բոլոր պերուացիների օգնությամբ, ովքեր ցանկանում են ամրապնդել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար իրավունքները, ինչպես նաև հավասար հնարավորությունների նկատմամբ իրենց պատեհաժամ և պատշաճ ուշադրությամբ: Խնդիրը դյուրին չէ. պարզապես օրինակ բերելու համար նշենք, որ Պերուի հաշտարար դատարանների ավելի քան 60% -ը գտնվում է շենքերի վերին հարկերում, որոնք չունեն վերելակներ: Արդարադատության մատչելիությունը հրատապ խնդիր է:
Գիլերմո Վեգա
Պերուի Արտաքին գործերի նախարարության իրավախորհրդատու պարոն Վեգան վերանայում է օրինագծերն ու գերագույն հրամանագրերը:
Պարոն Վեգան ծառայել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և օրենսդրության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովներում, ներառյալ Հավասար հնարավորությունների ազգային ծրագրի հանձնաժողովում և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվեցիայի իրականացման Պերուի հանձնաժողովում: Նա նաև որպես խորհրդական ծառայել է Հանրապետության Կոնգրեսի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով հանձնաժողովում:
Որպես Կոնադիսի (CONADIS) նախագահ, որը իր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պատասխանատու մարմին է, և որպես Կանանց և սոցիալական զարգացման նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով բաժնի գլխավոր տնօրեն՝ պարոն Վեգան աշխատել է այլ նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին խաչաձև մոտեցում ցուցաբերելու համար:
Նա իր երկրի ամսագրերի և գլխավոր թերթերի համար հոդվածներ է գրել՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: