Քենիայում կանայք առաջին անգամ հավաքվեցին, որպեսզի կարողանան ապահովել միևնույն ծառայությունների հասանելիություն հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար, որոնցից օգտվում են հաշմանդամություն չունեցող կանայք:
Պլաստիկ աթոռների վրա նստած մի խումբ կանայք քննարկումներ են ունենում: Կանանցից մեկը օգտագործում է ժեստերի լեզու:

Գենդերային բռնության ծրագիր Քենիայում

 
Ձեռքբերումը 

Երկրի մայրաքաղաքից 6 ժամ հյուսիս-արևմուտք գտնվող փոքր գյուղատնտեսական շրջանում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մեծ մասը տեղեկացված չեն, թե որտեղից կարող են օգնության ստանալ, երբ իրենց իրավունքները խախտվում են: Արդյունքում նրանք լուռ տառապում են: Նրանք, ովքեր գիտեն, թե որտեղից օգնություն ստանան, խոչընդոտի են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի և մատչելի ծառայությունների բացակայության  պատճառով (այսինքն, ժեստերի լեզվի թարգմանիչների բացակայություն, անմատչելի ենթակառուցվածքներ, ծառայություններ մատուցողների կողմից բացասական վերաբերմունք և աղքատության բարձր մակարդակ): Հետևաբար, Քենիայի Վիհիգա նահանգի հաշմանդամություն ունեցող կանանց ինքնագնահատականը շատ ցածր է, և նրանք չեն բարձրաձայնում, երբ իրենց իրավունքները խախտվում են:

Հասարակական կազմակերպությունների կողմից իրականացրած գործողությունների արդյունքում հաշմանդամություն ունեցող կանայք կարողացան միմյանց հետ կապեր ստեղծել, իսկ այժմ նաև կապեր են հաստատում առողջապահական հաստատությունների, գենդերային բռնության բաժնի և կանանց կազմակերպությունների հետ:

Ինչը աշխատեց 

Քենիայի հաշմանդամություն ունեցող կանանց «Հաշմանդամության և կանանց զարգացման ռազմավարություններ»  (DWDS) կազմակերպությունից Նաոեմի Ռութ Էսիաբան ԱՄՆ-ում մասնագիտական փոխանակման ծրագրի մասնակցության ընթացքում այցելել է իր ոլորտում գործող ամերիկյան գործընկերներին: Նա հասկացավ, որ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հարցերը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել մարդկանց համայնքի ավելի լայն շրջանակներից: Քանի որ գենդերային բռնությունը մտահոգություն է Վիհիգա նահանգի շատ մարդկանց շրջանում, տիկին Էսիաբան հասկացավ, որ հնարավորություն կա կապեր հաստատելու հաշմանդամություն ունեցող կանանց և իր համայնքի կանանց ցանցերի միջև: Այս կապը հնարավորություն կտար մեծացնել հաշմանդամություն ունեցող կանանց ռեսուրսները, մատուցվող ծառայությունները և սոցիալական գործունեությունը, ինչպես նաև բնակչության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ավելի շատ իրազեկվածություն տարածել:

«Հաշմանդամության և կանանց զարգացման ռազմավարություններ»  (DWDS) կազմակերպությունը  նպատակ սահմանեց կրթել և  բարձրացնել հաշմանդամություն ունեցող կանանց, աղջիկների և համայնքի այլ մարդկանց իրազեկվածությունը: Նրանք հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին համախմբեցին կարևոր և առանցքային անձանց հետ, ինչպիսիք են առողջապահության ոլորտի մասնագետներ, համայնքային կազմակերպություններ, կին առաջնորդներ, իրավապաշտպաններ և խորհրդատուներ: Այդ էական դերակատարում ունեցող անձինք, որոնք բոլորը հաշմանդամություն չունեցող կանայք էին, տեղեկատվություն տարածեցին գենդերային բռնության և բռնության ենթարկվելու դեպքում օգնություն ստանալու հնարավոր եղանակների վերաբերյալ:

Հիվանդանոցում կազմակերպվեց մեկօրյա աշխատանքային դասընթաց, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող 20 կանայք և աղջիկներ, ինչպես նաև հաշմանդամություն չունեցող կանայք, ովքեր լավ տեղեկացված էին առողջապահության, մարդու իրավունքների, կանանց շարժումների և քաղաքականության հարցերում: Նույնիսկ Վիհիգա նահանգի Նորին Գերազանցություն առաջին տիկին Էլիզաբեթ Աքարանգան հարգեց հրավերն ու ներկա գտնվեց դասընթացին: Առաջին անգամն էր, որ նա շփվում էր հաշմանդամություն ունեցող կանանց հետ, և նա կիսվեց իր տպավորություններով՝ նշելով, որ հանդիպումը առաջնահերթություն էր:

«Քանի որ ես հնարավորություն չեմ ունեցել հանդիպելու կանանց այսպիսի բացառիկ խմբի հետ, ստիպված էի մի կողմ դնել բոլոր մյուս գործողությունները, որպեսզի կարողանայի ձեզ հետ լինել, և ես պատրաստվում եմ մնալ ձեզ հետ մինչև դասընթացի ավարտը»:

Դասընթացի ընթացքում քննարկվող թեմաները վերաբերում էին կանանց առողջությանը, բարեկեցությանն ու անվտանգությանը, որպեսզի կանայք հնարավորություն ունենային կրթվել իրենց իրավունքների մասին, տեղեկանային, թե ուր կարող են դիմել օգնության համար, երբ խախտվում են իրենց իրավունքները, ինչպես նաև կապեր ստեղծելու հաշմանդամություն ունեցող կանանց և նահանգի այլ կանանց ցանցերի միջև: Էական դերակատարում ունեցող անձինք նույնպես կիսեցին տեղեկատվություն հնարավոր համագործակցության վերաբերյալ և պարտավորվեցին շարունակել համատեղ աշխատանքը:

Կանանց առաջատար ազգային «Maendeleo ya Wanawake» կազմակերպության տնօրեն Դորա Ինգոլոն մտահոգություն հայտնեց, որ իր կազմակերպությունը չի աշխատել հաշմանդամություն ունեցող կանանց հետ և ասաց. «Մենք չգիտեինք, որ նման մարդիկ կան»: Դասընթացի ավարտին հաշմանդամություն ունեցող տաս կանայք դարձան կանանց կազմակերպության գրանցված անդամներ: Սա անսպասելի արդյունք էր և կարևորագույն համագործակցություն հաշմանդամություն ունեցող և չունեցող կանանց միջև:

Հեղինակի մասին 

«Հաշմանդամության և կանանց զարգացման ռազմավարություններ» (DWDS) կազմակերպությունը Աֆրիկայի գյուղական համայնքներում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կյանքի կարգավիճակի և որակի բարելավման համար աշխատող հասարակական կազմակերպություն է: Իմացեք ավելին իրենց կայքում www.dwds-online.org/:

Հեղինակ` Նաոմի Ռութ Էսիաբա, DWDS-ի ներկայացուցիչ

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: