Նախադրյալը:
Հայաստանի Գյումրի քաղաքում կան ավելի քան 600 հաշմանդամություն ունեցող երեխաներ, և նրանց մեծ մասը մեկուսացված են իրենց տներում: Մենք հավատում ենք, որ ներառումը պետք է սկսել վաղ տարիքից, երբ հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները հաճախում են նույն դպրոցը և խաղում նույն վայրերում: Մեր համայնքում երեխաների խաղի համար նախատեսված բոլոր տարածքները և կառույցները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Իմ մասնագիտության շնորհիվ ես հնարավորություն եմ ունեցել ճանապարհորդելու ամբողջ աշխարհով, և յուրաքանչյուր ուղևորություն իր դրական ազդեցությունն է ունենում մեր ապագա ծրագրերի վրա: 2014 թ-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի «Սպորտ հանուն հաջողության» փոխանակման ծրագրի շրջանակներում Մոբիլիթի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից հյուրընկալվեցի ԱՄՆ - ում: Ուղևորության ընթացքում ես հնարավորություն ունեցա այցելել մատչելի խաղահրապարակ՝ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքի Հարփեր խաղահրապարակ: Դրանից հետո իմ երազանքն էր ունենալ նմանատիպ վայր իմ հայրենի քաղաքում: Բայց երբ զրուցեցի Հարփեր խաղահրապարակի հիմնադիրներից մեկի հետ, պարզվեց, որ նրանք ներդրել են շատ ավելի մեծ գումար, քան այն դրամաշնորհի գումարը, որ մենք ստացել էինք: Ուստի մեր ձգտումը իրականացնելու համար մենք մշակեցինք մի հրաշալի ռազմավարություն՝ մոբիլիզացնել տեղական իշխանություններին, գործարարներին և համայնքի անդամներին նախաձեռնության շուրջ:
Ծրագիրը
ՄԱԿ-ի Կանանց Գիլդիայի առատաձեռն աջակցության շնորհիվ «Ագաթ» ՀԿ-ն 2014-2015թ.թ. իրականացրեց «Խաղահրապարակ բոլորի համար» ծրագիրը և Գյումրիում կառուցեց ներառական խաղահրապարակ: Մեր նախագիծը նախատեսված է նպաստելու տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների (ֆիզիկական, տեսողական, լսողական և մտավոր խնդիրներ) սոցիալական ինտեգրմանը: Խաղահրապարակը իր տեսակով առաջինն է Գյումրիում և այն պատրաստվել է Համընդհանուր Դիզայնի չափանիշներին համապատասխան, որը նշանակում է, որ խաղահրապարակը ստեղծվել է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այլ դա մի տարածք է, որտեղ բոլոր սարքավորումները աշխատում են բոլորի համար:
Խաղահրապարակը տեղադրվեց Նորավան թաղամասում և այն խաղահրապարակն է միակն է տարածքում: Երեխաները այնքան ուրախ էին, որ չէին կարող սպասել մինչև տարածքի վերակառուցումն ամբողջությամբ կավարտվեր: Խաղահրապարակը կառուցվել է հարթ մակերեսի վրա և այն ունի թեքահարթակներ, որոնք թույլ են տալիս տեղաշարժման համար սարքեր օգտագործող երեխաներին մուտք գործել խաղի աշտարակներ և օգտվել սղարաններից: Կան տարբեր տեսակի ճոճանակներ, այդ թվում նաև անվասայլակ օգտագործող երեխաների համար ճոճական: Բացի այդ, կան բրայլյան և հայկական ժեստերի լեզվի այբուբեններով ցուցանակներ:
Համատեղ ջանքերի շնորհիվ՝ 2015 թ.-ի հուլիսի 14-ին կազմակերպվեց խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը: Ավելի քան 200 մարդ էր մասնակցում միջոցառմանը, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, Շիրակի փոխմարզպետը, քաղաքապետարանի և մարզպետարանի ներկայացուցիչներ, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, համայնքի անդամները, հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները և ԶԼՄ-ները:
«Մեծ բավականության զգացում էր տեսնել ուրախություն հաշմանդամություն ունեցող երեխաների աչքերում, երբ նրանք հասկանում էին, որ կարող են զվարճանալ խաղահրապարակում հաշմանդամություն չունեցող իրենց ընկերների հետ միասին »:
Ակնհայտ էր, որ երեխաները որևէ տարբերություն չէին դնում իրենց ընկերների կարողությունների միջև: Ընդհակառակը, նրանք փորձում էին աջակցել միմյանց և խաղալ միասին: Խաղահրապարակը դարձել է ոչ միայն թաղամասի, այլև քաղաքի տարբեր մասերում ապրող երեխաների ամենասիրված վայրերից մեկը: Խաղահրապարակը բազմաթիվ առավելություններ ունի: Երեխաների ծնողները այժմ հնարավորություն ունեն շփվել միմյանց հետ, մինչ նրանց երեխաները բավականություն են ստանում խաղալուց: Բացի այդ, տեղական իշխանությունները պատրաստվում են խաղահրապարակի կողքին կառուցել ֆուտբոլի դաշտ:
Ագաթ ՀԿ-ի կողմից իրականացված բոլոր ծրագրերի հիմքում եղել են մարդու իրավունքները, և մեր առաջնահերթությունն է ներառումը , այլ ոչ թե ինտեգրումը: Չնայած նրան, որ դրամաշնորհի գումարը քիչ էր, մենք շատ էինք ցանկանում խաղահրապարակում ապահովել որքան հնարավոր է շատ ներառական խաղեր: Ուստի մեր ռազմավարությունն էր ներգրավել մեր համայնքին, որպեսզի օգնի մեզ իրականացնել այս հրաշալի ու եզակի նախաձեռնությունը: Մենք աշխատեցինք ներքևում նշված երեք հիմնական խմբերի հետ: Այս բոլոր գործընկերների հետ համագորցակցելիս ես սովորեցի, թե որքան կարևոր է ցույց տալ, որ արդյունքը լինելու է փոխշահավետ, և պետք է շեշտել, որ ես պատրաստ եմ տեխնիկական աջակցություն ցուցաբերել գործընթացի բոլոր փուլերի ընթացքում:
1. Գործարար համայնքը
Նախքան ֆինանսավորում ստանալու համար ծրագրի առաջարկը ներկայացնելը, ես հանդիպեցի Գյումրիի Մագնոն բիզնես կենտրոնի գործադիր տնօրենի հետ: Մագնոնը Հայաստանում խաղահրապարակներ և սպորտային սարքավորումներ արտադրող միակ արտոնագրված ընկերությունն է: Ես բացատրեցի նրան ներառական խաղահրապարակի հետ կապված իմ երազանքի մասին և հարցրեցի, թե արդյոք հնարավոր է ստեղծել այն: Նա ազնվորեն ասաց, որ նրանք ներառական խաղահրապարակ ստեղծելու փորձ չունեն, սակայն նա շատ էր հետաքրքրված և ոգևորված: Ես ասացի նրան, որ երկուսիս համար էլ այդ ծրագիրը լինելու է փորձնական, և այն կբարձրացնի իրենց ընկերության համբավը, քանի որ Հայաստանը ներկայումս աշխատում է ներառման ուղղությամբ: Փորձը կոգևորի մյուսներին նրանց դիմել՝ Հայաստանի տարբեր վայրերում նմանատիպ խաղահրապարակներ կառուցելու համար: Ես իմ պատրաստակամությունն հայտնեցի՝ աջակցելու նրան խաղահրապարակի ստեղծման յուրաքանչյուր փուլում:
Առաջին հանդիպումից հետո մենք արդեն կապի մեջ էինք Մագնոնի հետ: Ես աշխարհի տարբեր ներառական խաղահրապարակների տեսահոլովակներ և նկարներ էի ուղարկում, և մենք քննարկում էինք, թե ինչպես կարող ենք այդ գաղափարները հարմարեցնել Հայաստանում: Ճոճանակներ և խաղեր ընտրելիս, ինչպես նաև խաղահրապարակի վերջնական դիզայնը հաստատելիս՝ Ագաթ ՀԿ-ի աշխատակիցները մշտապես համագործակցում էին Մագնոնի հետ: Նրանք մեծ զեղչեր կիրառեցին մեզ համար, և նույնիսկ մի ճոճանակ նվիրեցին խաղահրապարակին: Նրանց համար դա ոգեշնչող փորձ էր:
2. Տեղական իշխանությունները
Սկզբում ես հանդիպեցի Գյումրու ավագանու անդամի հետ: Նա շատ ուրախ էր, որ մենք նախատեսում ենք ունենալ խաղահրապարակը մեր թաղամասում: Ես ասացի նրան, որ կարող ենք տեղադրել խաղահրապարակը Ագաթ ՀԿ-ի գրասենյակի բակում, սակայն ուզում ենք էինք, որ ավելի շատ երեխաներ օգտվեն խաղահրապարակից: Սա նշանակում էր, որ մեզ ավելի մեծ տարածք է անհրաժեշտ: Մեր թաղամասի ավագանին հանդիպում կազմակերպեց Գյումրու քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ, որպեսզի ես ներկայացնեմ և բացատրեմ խաղահրապարակի և տարածքի անհրաժեշտությունը: Մեր քաղաքապետը շատ բաց է համագործակցության համար և նա ողջունեց մեր նախաձեռնությունը:
Սակայն նրանք ուզում էին, որ մենք տեղադրեինք խաղահրապարակը քաղաքի այլ թաղամասում, որտեղ արդեն խաղահրապարակ կար: Ես շնորհակալություն հայտնեցի առաջարկի համար, բայց խնդրեցի նրանց տարածք տրամադրել մեր թաղամասում, որտեղ ոչ մի խաղահրապարակ չկար: Ես նրանց ասացի, թե ինչ տարածք ի նկատի ունեի: Սակայն այդ տարածքը շատ անմխիթար և ամայի վիճակում էր, և շատ աշխատանք կպահանջվեր տարածքը բարելավելու համար: Ես նրանց խոստացա հանդիպել համայնքի անդամների հետ և հարցնել, թե արդյոք նրանք պատրաստ են անվճար աշխատել և բարեկարգել տարածՄՄքը: Քանի որ, մեր նախաձեռնությունը փոխշահավետ էր, նրանք համաձայնվեցին աշխատել իմ առաջարկի ուղղությամբ: Գյումրիի քաղաքապետարանը ոգևորված էր այս նախաձեռնությամբ և խաղահրապարակի համար անվճար տարածք տրամադրեց, ներդում ունեցավ այն վերականգնելիս և վերակառուցելիս, և չորս նստարաններ նվիրաբերեց խաղահրապարակին:
3. Համայնքի անդամները
Ես հանդիպեցի մեր թաղամասի ակտիվ անձանցից մեկին, պատմեցի նրան մեր նախաձեռնության մասինը և խնդրեցի նրան հավաքել ևս տաս ակտիվ համայնքի անդամների և երեկոյան գալ մեր կազմակերպություն՝ հանդիպման համար: Ես միշտ կհիշեմ այդ երեկոն՝ ժպիտը դեմքիս: Մի երիտասարդ կին և ավելի քան տաս տղամարդիկ այցելեցին մեզ: Մեր գործունեության ընթացքում ես զգացի, որ վաստակել եմ մեծ վստահություն համայնքում: Ես բացատրեցի, որ ինձ արդեն առաջարկել են մեկ այլ տարածք խաղահրապարակի համար այլ թաղամասում, սակայն ես ուզում եմ մի լավ բան անել մեր թաղամասի համար: Նրանք ևս հետաքրքված էին, քանի որ դա շատ օգտակար էր լինելու հենց իրենց երեխաների համար:
Համայնքի բնակիչները շատ մոտիվացված էին, և նրանցից շատերը զօր ու գիշեր առանց որևէ վճարման աշխատեցին՝ վերակառուցելու և բարեկարգելու խաղահրապարակի տարածքը: Նրանք ծառեր տնկեցին, ծաղիկներ աճեցրին , ամեն օր խնամում են դրանք և մաքրում են տարածքը:
Կարինե Գրիգորյանը Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ի հիմնադիրն է:
Ագաթ կենտրոնը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների, հիմնականում կանանց, իրավունքերը Հայաստանում՝ նրանց առաջնորդության և մասնագիտական կարողությունների զարգացնելու և հզորացման միջոցով: Կազմակերպությունը համագործակցում է տարբեր տեղական, ազգային և միջազգային կազմակերպությունների հետ՝ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար: Ես հրավիրվել եմ ՄԱԿ-ի գրասենյակ Նյու Յորքում, ԱՄՆ-ում , որպեսզի զեկուցեմ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց իրավիճակի մասին: Ես աշխատում եմ, որպեսզի ազգային զարգազման ծրագրերը և օրակարգերը ներառական լինեն հաշմանդամության և գենդերային տեսանկյունից: Ես Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող պետական հանձնաժողովի անդամ եմ: Իմ ձգտումն է Հայաստանում ստեղծել ներառական միջավայր և իմ երազանքն է խթանել հաշմանդամություն ունեցող կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում՝ նրանց քաղաքական մասնակցության հմտությունները զարգացնելու միջոցով: