Եթովպիայում խուլերի համայնքային կենտրոնի ստեղծումը նպաստեց խուլերի կրթության համար կառավարության կողմից տրամադրվող աջակցության ավելացմանը
Եթովպիայում խուլերի համայնքային կենտրոնի ստեղծումը նպաստեց խուլերի կրթության համար կառավարության կողմից տրամադրվող աջակցության ավելացմանը

Պարոն  Լեուլ Տեսֆամեսկելը (ջինսե բաճկոնով) իր աշակերտների հետ

Ձեռքբերումը 

 

Իմ տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձինք չունեն այն հնարավորությունները, որոնցից օգտվում են հաշմանդամություն չունեցող անձինք, մասնավորապես նրանք չունեն կրթության հասանելիություն (նրանց համար ապահովված չեն հավասար կրթական հնարավորություններ): Եթովպիայի հյուսիսի գյուղական վայրերում (Եթովպիայի Տիգրեյ տարածաշրջանում) խուլ երեխաների մեծ մասը չի ստանում կրթություն: Տարածաշրջանում գործում է ընդամենը երկու դպրոց խուլ երեխաների համար, որտեղ ուսանում են մոտ 150 խուլ աշակերտներ: Խուլ համայնքի մյուս ներկայացուցիչները  (շուրջ 7000 մարդ) չունեն կրթական հնարավորություններ կամ չեն ստանում ժեստերի լեզվով ուսուցում:

Իմ տարածաշրջանի տարբեր շրջաններում բազմաթիվ  խուլ երեխաների,  երիտասարդների և մեծահասակների հետ հանդիպումները ինձ համար խթան հանդիսացան  և ստիպեցին գործողություններ ձեռնարկել: Ես հասկացա, որ այն խնդիրները, որոնց նրանք բախվում էին, շատ խրթին ու բազմազան են:  Նրանք երբեք չէին սովորում ժեստերի լեզու, ուստի չէին կարող արտահայտել իրենց կարիքները  ուրիշներին, օրինակ, բժշկին տեղեկացնել իրենց հիվանդության մասին:

Իմ առաջին քայլն էր ժեստերի լեզու սովորեցնել կրթություն չունեցող խուլ երեխաներին: Արդյունքում Մեկելե քաղաքում ես ստեղծեցի խուլերի համայնքային կենտրոն, որտեղ խուլ երեխաները կարող էին սովորել միմյանցից և կիսվել իրենց փորձով: Կենտրոնն առաջարկում էր ժեստերի լեզվով ուսուցում և այն հավաքատեղի էր խուլերի համայնքի համար: Այն նաև ճանապարհ էր հարթում հետագա առաջընթացի համար:

Կենտրոնի  հաջող գործունեությունից ոգևորված՝ մենք կապ հաստատեցինք կառավարության հետ և մեզ հաջողվեց լուծում տալ խուլերի դպրոցի ստեղծման մեր խնդրանքին: Դպրոցը բացվեց 2006 թվականին և այն կրթություն է տրամադրում 1-11- րդ դասարանների աշակերտներին:  Թեև խուլերի դպրոցը փոխարինեց խուլերի կենտրոնին, այն նաև հանդիսանում է խուլ համայնքի հանդիպման վայր: Սա հիմնովին փոխում է  խուլ մարդկանց կյանքը՝ նրանց տանելով խավարից դեպի լույս: Աշակերտներն այժմ իրազեկ են իրենց երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Նրանցից ոմանք սկսում են ձեռնարկատիրական գործունեութուն ծավալել:

Ինչը աշխատեց 

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես մասնակցեցի Եթովպիայի Խուլերի Ազգային Ասոցիացիայի (ENAD) կողմից կազմակերպված ժեստերի լեզվի դասընթացին, որը անցկացվում էր 2004 թվականի փետրվարին իմ հայրենի քաղաքում՝ Մեկելեում: Շատ խուլ երեխաներ ու մեծահասակներ առաջին անգամ էին մասնակցում այս դասընթացին: Այն բանից հետո, երբ դասընթացավարները վերադարձան մայրաքաղաք Ադիս Աբեբա, ես և իմ գործընկերները կամավոր կերպով շարունակեցինք ժեստերի լեզվի դասընթացները շաբաթական երկու օր:  Այս ժամանակ էր, երբ ես հիմնեցի խուլերի կենտրոնը, որտեղ պետք է անցկացվեին դասընթացներ և, որը պետք է հանդիսանար հավաքատեղի խուլ համայնքի համար: Մասնագիտական վերապատրաստման կենտրոնում մենք անվճար դասընթացներ էինք կազմակերպում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Խուլերը շատ ուրախ էին միմյանց հանդիպել և շփվել միևնույն լեզվով դասընթացների ժամանակ: Մենք խնդրեցինք Սոցիալական հարցերի նախարարությանը մեզ օգնել՝ գտնելու ավելի շատ խուլ մարդկանց, որպեսզի մենք կարողանայինք ավելի լայն գործունեություն ծավալել կենտրոնում: Նրանք մասամբ մեզ օգնեցին՝ հրավիրելով կառավարության ներկայացուցիչներին մեզ հետ հանդիպման, որպեսզի մենք կարողանայինք համառոտ կերպով ներկայացնել խուլերի խնդիրները, հատկապես ուսումնական պրոցեսի մարգինալացման խնդիրը: Մեկելե քաղաքի Սոցիալական հարցերի բաժինը մեզ շատ օգնեց: Մենք հանդես եկանք հայտարարություններով շատ տարբեր վայրերում՝  կինոթատրոններում, եկեղեցիներում, քաղաքապետարաններում, տեղական ձեռնարկություններում և այլուր: Որոշ ժամանակ անց խուլ մասնակիցների թիվն աճեց, և աշակերտները սկսեցին դասավանդել միմյանց ու կապ հաստատել իրենց համայնքի այլ խուլերի հետ:

Քանի որ դասընթացի պահանջարկը շատ մեծ էր, մենք խնդրեցինք կառավարությանը մեզ թույլատրել ունենալ խուլերի դպրոց:  Մենք բացատրեցինք, որ կրթության հասանելիությունը մեր երկրում հավասար չէ և, որ մեր Սահմանադրությունն ու կրթական քաղաքականությունը պահանջում են, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա կրթութուն ստանալու լիարժեք իրավունք: Բացի այդ, մենք նշեցինք, որ Հազարամյակի զարգացման նպատակները պահանջում են, որ յուրաքանչյուր երեխա պետք է կրթություն ստանա: Եվ՛ Սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ Կրթության նախարարությունը համաձայնություն տվեցին  և 2006թվ.-ի սեպտեմբերին բացեցին խուլերի տարրական դպրոց Մեկելե քաղաքում: Դպրոցը ֆինանսավորվում և կառավարվում է կառավարության կողմից և ունի ընդհանուր հաշվով 18 ուսուցիչ, որոնցից վեցը խուլ են: Ուսուցիչները, ովքեր լսում են, շուտով կվերապատրաստվեն, որպեսզի բարելավեն ժեստերի լեզվի իրենց հմտությունները: Մենք մեծ  առաջընթաց ենք գրանցել այդ երկու տարիների ընթացքում:

Այսօր Մեկելե քաղաքում կան բազմաթիվ անձինք, ովքեր սովորում են ժեստերի լեզու: Ես ժեստերի լեզու եմ դասավանդում կրթություն չունեցող  խուլ երեխաներին և նրանց ծնողներին, պետական ​​պաշտոնյաներին, ավագ դպրոցի ուսուցիչներին, բուժքույրերին և իրավաբաններին: Ես նաև ժեստերի լեզու եմ դասավանդել շուրջ 350 ուսանողների Մեկելեի համալսարանում, մինչ ստանում էի իմ բակալավրի աստիճանը: Համալսարանն ինձ  պարգևատրեց բազում վկայականներով այս ձեռքբերման համար:

Ես բազմաթիվ դժվարություններ եմ ունեցել, մասնավորապես, ունեցել եմ գումարի պակասություն, արժանացել եմ բացասական վերաբերմունքի չլսող երեխաների ծնողների և որոշ պետական պաշտոնյաների կողմից: Ծնողները չէին ցանկանում իրենց երեխաներին ուղարկել խուլերի կենտրոն և դպրոց, հատկապես գյուղական վայրերում բնակվողները: Փորձելով լուծել խնդիրը՝ ես սկսեցի համագործակցել իմ գործընկերների հետ, Սոցիալական հարցերի նախարարության և տեղական լրատվամիջոցների հետ: Ի վերջո, համագործակցության արդյունքում մենք անցկացրինք իրազեկության  բարձրացման դասընթաց շահագրգիռ կողմերի համար, որը կազմակերպվեց Սոցիալական հարցերի բաժնի կողմից: Բայց դա չէր նշանակում, որ այդ խնդիրը լիովին լուծված էր. շատ խուլ երեխաներ շարունակում էին մնալ տանը, չէին հաճախում ո՛չ դպրոց, ո՛չ էլ խուլերի կենտրոն:

Այնուհետև գերազանց հնարավորություն ընձեռվեց: Կառավարությունը հրամանագիր ստորագրեց, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն էր տալիս մասնակցել սպորտային տարբեր միջոցառումների:  Կառավարության այս նախաձեռնության շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարզիկները կարող էին մասնակցել միջազգային մարզական մրցույթների, ինչպիսիք են Պարալիմպիկ և Սուրդլիմպիկ խաղերին: Մենք օգտագործեցինք այս առիթը, որպեսզի տարածենք խուլերի  մշակույթն ու խթանենք ժեստերի լեզուն: Այս ժամանակահատվածում շատ խուլ մարզիկներ հանդիպեցին միմյանց աթլետիկայի, թենիսի և ձեռքի գնդակի տարածաշրջանային և ազգային մրցաշարերի ժամանակ:

Ես ունեմ երազանք, որ մենք կկարողանանք ավելացնել խուլերի կենտրոնները այլ քաղաքներում ևս, ինչպիս օրինակ Շայեր և Աքսում քաղաքներում, որոնք Եթովպիայի  հնագույն քաղաքակրթության քաղաքներից են:

Հեղինակի մասին 

Պարոն  Լեուլ Տեսֆամեսկել  

Ես խուլ ուսուցիչ եմ Եթովպիայի Տիգրեյ տարածաշրջանի Մեկելե քաղաքի Ալեն միջնակարգ դպրոցում: 1-8-րդ դասարանները ես սովորել եմ խուլերի  դպրոցում, իսկ  9-12-րդ դասարանները սովորել եմ լսող աշակերտների հետ միասին՝ առանց ժեստերի լեզվի թարգմանության: Ես ստացել եմ Պատմության և մշակութաբանության իմ բակալավրի աստիճանը Մեկելեի համալսարանում (հայտնի համալսարան Եթովպիայում), իսկ այժմ հետբուհական կրթություն եմ ստանում Դասավանդման ոլորտում: Ես ավագ դպրոցի խուլ աշակերտների դասավանդման հինգ տարվա փորձ ունեմ: Բացի այդ, կամավորության սկզբունքով ես աշխատել եմ մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում`

• Խուլերի միավորման Ադիգրատ մասնաճյուղի փոխնախագահ (2 տարի)

• Մեկելե քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց Սեմիեն-Սաբ ասոցիացիայի նախագահ

• Խուլերի սպորտի ֆեդերացիայի (Սուրդլիմպիկ) նախագահ Եթովպիայի Տիգրեյ տարածաշրջանում (ընթացիկ)

Ինչպե՞ս եք ԴՈՒՔ բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

Պատմեք մեզ ձեր ռազմավարության մասին:

Կիսվեք մեզ հետ հիմա: